![](/banners/BeFunky-design.jpg)
Մենք կարևորություն ենք տալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Ահմեթ Դավութօղլու
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/ahmet-davutoglu-isvicre-1009-jpg20131010184536.jpg)
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ մեկնել է Բեռն և հանդիպել է Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտերի հետ: Դավութօղլուի այդ այցը համընկել է 4 տարի առաջ նույն օրը (հոկտեմբերի 10) Շվեյցարիայի միջնորդությամբ Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ:
Հանդիպման արդյունքներով կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Դավութօղլուն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին. «Մենք կարևորություն ենք տալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Սակայն որպեսզի դա լինի մնայուն, անհրաժեշտ է լուծել Հարավային Կովկասի հարցերը, ինչը գլխավորապես վերաբերում է Ղարաբաղի խնդրի լուծմանը և ադրբեջանական տարածքների ազատմանը:
Մենք 4 տարի առաջ այստեղ շատ լուրջ քայլ ձեռնարկեցինք այդ արձանագրությունները հաջողությամբ կյանքի կոչելու համար:Մենք շնորհակալ ենք Շվեյցարիային՝ այդ ուղղությամբ գործադրած անկեղծ ջանքերի համար: Սակայն Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը և ավելի ուշ տարածաշրջանի վրա գործադրված ճնշման պատճառով դա դարձավ անհնար:
Հուսով ենք, որ դրանք ամբողջությամբ չեն ընկել օրակարգից: Այժմ աշխատում ենք գործընթացը զարգացնել որոշակի ստեղծագործ մտքերով, նոր գաղափարներով: Առաջիկայում մեծացնելու ենք այս ուղղությամբ մեր աշխատանքները: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բնականաբար պետք է իրականացվի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ»: