Անահիտ Կորյուն. «Նպատակս Էդուարդ Արծրունյան վարպետին իր ծննդավայրում ևս մեկ անգամ ներկայացնելն էր»

Օրերս Գյումրիում տեղի ունեցավ ծնունդով գյումրեցի նկարիչ Էդուարդ Արծրունյանի ֆեյսբուքյան էջի եռամյա հոբելյանի և վարպետի գտնված որմնանկարները հանրությանը ներկայացնելուն ուղղված միջոցառումների շարքի մեկնարկը: Հիշեցնենք, որ մեծ վարպետի «Հայաստան» անվանմամբ որմնանկարը, որը ստեղծվել է 1980-ականների վերջին, համարվում էր ոչնչացված, սակայն վերջերս համատեղ ջանքերով որմնանկարը գտնվել է լավ պահպանված վիճակում:

Վերջինս հիմա գտնվում է Իջևանում, նախկին «Գազպրոմի» հանգստյան տանը, որն այսօր զորամաս է: Գյումրի Ինֆոտանը տեղի ունեցած հանդիպման շրջանակներում ներկայացվեց «Էդուարդ Արծրունյան» ֆիլմը, որը հնարավորություն ընձեռեց ներկաներին՝ լիարժեք պատկերացում կազմել նկարչի մասին, այնուհետև Էդուարդ Արծրունյանի ֆեյսբուքյան էջի համակարգող, լրագրող-արվեստաբան Անահիտ Կորյունը բոլորին նվիրեց Էդուարդ Արծրունյանին նվիրված հրատարակությունները.

Arcrunyan5

«Նպատակս Էդուարդ Արծրունյանի ծննդավայրում Վարպետին մեկ անգամ ևս ներկայացնելն էր` հատկապես երիտասարդների շրջանում, քանի որ տեղի արվեստագետները, քիչ թե շատ, ճանաչում են նրան: Ու հատկապես նրա համար, որ վերջերս հենց նկարչի կողմից ոչնչացված համարվող Արծրունյանի միակ՝ 1989թ. ստեղծված՝ «Հայաստան» որմնանկարն եմ գտել, որի ճակատագիրը մտահոգիչ է, քանի որ ներկայիս զորամասը սեփականաշնորհված է ու հաջորդ տարի կրկին Հանգստյան տան է վերածվելու,- 168.am-ի» հետ զրույցում նշեց Անահիտ Կորյունը՝ հավելելով,- Բնականաբար, այն վերանորոգման է ենթարկվելու, և որմնանկարը չվնասելու և պահպանելու խնդիր է առաջանալու: Եվ որպեսզի սեփականատերը գիտակցի հուշարձանի արժեքը և հասկանա, թե որքան կարևոր նշանակություն ունի մեր մշակութային ժառանգության համար, պարբերաբար թե՛ լրատվամիջոցների, և թե՛ արվեստասերների շրջանակներում հանդիպումներ եմ կազմակերպում և ներկայացնում խնդիրը»: Անահիտ Կորյունը նաև նշեց, որ առաջիկայում նամակ է պատրաստում՝ Մշակույթի նախարարություն ներկայացնելու համար, որպեսզի գնահատող հանձնաժողով կազմվի և որմնանկարը հաշվառվի:

Arcrunyan1

«Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես «Էդուարդ Արծրունյան» ֆեյսբուքյան էջին, ապա այն սեպտեմբերի 21-ին դարձավ 3 տարեկան:

Arcrunyan4

Arcrunyan3

Այն ստեղծվել է Արծրունյանի մահվանից 4 ամիս անց, նպատակս, բնականաբար, հասարակությանը, հիմնականում՝ սփյուռքին և օտարերկրացուն, նրա արվեստին ծանոթացնելն է: Էջի շրջանակներում հրատարակվել է երկու գիրք` «Ամենակարիչ նկարիչը» քառալեզու պատկերագիրքը և Վարպետի պատկերագիրքը»,- նշեց Անահիտ Կորյունը: Էջի գոյության ընթացքում 7 միջոցառումներ են կազմակերպվել, որից 3-ը՝ Երևանում, 2-ը՝  Գյումրիում, ինչպես նաև՝ Եղեգնաձորում և Վանաձորում:
Ծրագրի շրջանակներում շուրջ 300 կտոր գիրք նվիրաբերվեց Գյումրիի հաշմանդամների գրադարանին: Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են ցուցաբերել «Հայաստան» հրատարակչությունը, Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանը, Սիսիանի Պատմության թանգարանը, ինչպես նաև՝ Գյումրիի ԻնֆոՏունը:

Գյումրի

Տեսանյութեր

Լրահոս