«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները բացահայտում են իրենց «ճիշտը» (տեսանյութեր)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Հարսնաքարի» գործով դատական նիստը, որի ընթացքում ճառով պետք է հանդես գար գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Վերջինս սակայն չհասցրեց ներկայացնել իր ճառը, քանի որ գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ, ցանկանում է «ճիշտը բացահայտել»: Դատավոր Դավիթ Հարությունյանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը, վերսկսեց դատաքննությունն ու ամբաստանյալին ցուցմունք տալու հնարավորություն տվեց:

Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է մարմնական վնասվածքներ հասցրել Վահե Ավետյանին՝ միաժամանակ նշելով, թե ինքը չի հասկացել, որ իր հարվածները ծանր վիճակի են հասցրել Վահե Ավետյանին: Հակառակ դեպքում, ըստ նրա՝ ինքը  կփորձեր նրան օգնություն ցույց տալ: Ըստ Նորայր Հայրապետյանի՝ դեպքի օրը ինքը մեկ անգամ հարվածել է տուժող Գարիկ Սողոմոնյանին, ով իրեն հայհոյել է: Ապա ինքը գնացել է տեսնելու՝ ինչ ծեծկռտուք է ռեստորանային համալիրի տարածքում, այդ ժամանակ իր դիմաց է դուրս եկել Վահե Ավետյանը, ով իրեն հայհոյել է, ինքն էլ հարցրել է՝ «արա, ինչ ա՞ ուզածդ»: Այդ ժամանակ, երբ Վահե Ավետյանը փորձել է իրեն հարվածել, ինքը մեկ անգամ խփել է նրան. «Ու ֆռացի… ես միտում չեմ ունեցել նրան ավել խփելու կամ բան»:

Նորայր Հայրապետյանի ցուցմունքի ավարտից հետո ցուցմունք տալու ցանկություն հայտնեց գործով ամնստանյալ Գարիկ Մարգարյանը:

Նա էլ իր հերթին հայտարարեց, որ ինքը հարվածել է գործով տուժող Արտակ Բայադյանին: Թե վերջինիս մարմնի ո՞ր հատվածներին է հարվածներ հասցրել՝ Գարիկ Մարգարյանը չէր հիշում:

Կարդացեք նաև

Դատական նիստի ընթացքում ցուցմունքներ տվեց նաև գործով ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը: Նա էլ ասաց, թե ինքը հարվածել է տուժող Գարիկ Սողոմոնյանին: Նշենք, որ դատաքննության ընթացում ինչպես Գարիկ Մարգարյանը, այնպես էլ Արթուր Բաբլոյանը հրաժարվել էին ցուցմունքներ տալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս