
Սիրիայի հյուսիսում բախվել են արմատական իսլամականներն ու քրդերը. կա 18 զոհ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ զինված բախումներ են տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում, ուր բախվել են ընդդիմադիր արմատական իսլամական կազմակերպությունների զինյալները և քրդական աշխարհազորային ջոկատները:
Խասեկե նահանգում գրանցված բախման հետևանքով զոհվել է 18 մարդ: Այս մասին հայտարարել է սիրիական Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգային կենտրոնը (OSDN):
Վերջինիս տվյալներով՝ «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» խմբավորման և արմատական այլ կազմակերպությունների զինյալները երեկ Խասեկե նահանգի Սաֆա գյուղի մոտ հարձակվել են քուրդ աշխարհազորայինների «Ժողովրդական պաշտպանության» դիրքերի վրա:
Քուրդ աշխարհազորայինները հետ են մղել գրոհը՝ տալով 4 սպանված: Հարձակվող կողմը տվել է 14 սպանված: Սիրիայի քրդերը կազմում են մոտ 23 միլիոն բնակչությամբ երկրի մոտ 10 տոկոսը: Քրդերի մեծ մասը բնակվում է Թուրքիային սահմանակից հյուսիս-արևելյան շրջաններում, որոնցում գտնվում են Սիրիայի հիմնական նավթային պաշարները: