Վճարվել են գումարներ` ծառայության «տաքուկ» վայրեր տեղափոխվելու համար
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր սկսվեց պաշտպանության նախարարության համակարգի մի շարք ծառայողների դեմ քրեական գործով դատաքննությունը: Ըստ այսօր դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության` ՀՀ ՊՆ N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սուրեն Մկրտչյանը 5 դրվագով կատարել է կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախություն և մեկ դրվագով՝ այդպիսի փորձ (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետեր, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետեր): Ս.Մկրտչյանի կողմից կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ հափշտակված ու սեփական կարիքների համար ծախսված գումարը կազմել է համապատասխանաբար՝ 6000, 1500, 5000, 3000 և 2000 դոլար, իսկ կաշառք ստանալու պատրվակով 2500 դոլարի հափշտակությունը կանխվել է իրավապահ մարմինների կողմից: Ամբաստանյալներ, N զորամասի ավտոծառայության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, հետախուզական դասակի հրամանատար Դավիթ Սարգսյանը, վաշտի հրամանատար Տիգրան Խաչատրյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 38- 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), իսկ ամբաստանյալներ, դասակի հրամանատար Գևորգ Մարգարյանը, Գագիկ Հարությունյանն ու Սամվել Սարգսյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Վկաների ցուցմունքներից հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու պատրվակով գումարները հափշտակվում էր սահմանամերձ զորամաս չտեղափոխվելու, հակառակը՝ տնամերձ զորամաս կամ զինկոմիսարիատ տեղափոխելը «գլուխ բերելու» համար: Վկա Արթուր Մատինյանը պնդեց, որ միջնորդում էր, ապա գումարը փոխանցում էր Ս.Մկրտչյանին անշահախնդիր կերպով, պարզապես ցանկանում էր օգտակար լինել ծանոթներին: Վկա Պարգև Ներսիսյանի կարծիքով` առանց անդորրագրերի «մուծումներն» օրինական էին. որդին 10 տարի ծառայել էր նախ Վայքում, ապա` Սիսիանում, վրա էր հասել ամուսնանալու ժամանակը, որդուն խոստացել էին «օրինական ճանապարհով՝ նախարարին նամակ հղելով», տեղափոխել բնակավայրին մոտ զորամաս: Վկա Գուրգեն Ստեփանյանը ամբաստանյալ Գևորգ Մարգարյանին խորհուրդ է տվել դիմել Արթուր Մատինյանին՝ նա գիտե «օրենքներն ու ձևերը», որով կարելի է զորացրվել կամ տեղափոխվել այլ զորամաս: Ամբաստանյալ Գագիկ Հարությունյանի որդին՝ Վոլոդյա Հարությունյանը, հայտնեց, որ ինքն իր զորամասից տեղափոխվելու նպատակ չի ունեցել, հայրն է նախաձեռնել տեղափոխման գործընթացը, իսկ ինքն իմանալով կանխել է, վճարված գումարն էլ՝ 5000-6000 դոլար, վերադարձվել է:
Ամբողջական հրապարակումը՝ այստեղ