Էջմիածնում կնշեն քաղաքի 2698-ամյակը
Արդեն մի քանի օր Էջմիածնում նախատոնական տրամադրություն է: Քաղաքի փողոցները զարդարում են, դրոշներ տեղադրում` պատրաստվելով Էջմիածնի 2698-ամյակի տոնակատարությունների մեկնարկին:
Պատմագիրների վկայությունների համաձայնՙ հոկտեմբերի 8-ին Մեսրոպ Մաշտոցը հայոց նորաստեղծ գրերը բերել է Էջմիածին: Ժողովուրդը Մաշտոցին դիմավորել է խանդավառությամբ և ողջույններով: Էջմիածին քաղաքի իշխանություններն էլ տարիներ առաջ որոշում կայացրին հոկտեմբերի 8-ը նշել՝ որպես քաղաքի օր: Սովորության համաձայն` քաղաքին նվիրված տոնակատարությունը տևում է երեք օր:
Ինչպես 168.am-ին տեղեկացրեցին Էջմիածնի քաղաքապետարանից, տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 6-ին՝ Ձիասպորտի կենտրոնում անցկացվելիք մրցույթով: Այնուհետև մասնակիցները կայցելեն Զվարթնոց թաղամասում գտնվող զոհված ազատամարտիկների պանթեոն, որտեղ տեղի կունենա հիշատակի արարողություն:
Հոկտեմբերի 7-ին Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի կունենա ՈՒսուցչի և գրադարանավարի օրվան նվիրված տոնական միջոցառում, իսկ երեկոյան քաղաքում կբացվի ևս մեկ այգի, որը կկրի Վահան Տերյանի անունը: Հոկտեմբերի 8-ի միջոցառումների շարքը կմեկնարկի Արցախյան հերոսամարտի հուշարձանից, այնուհետև տեղի կունենա ավանդական շքերթ:
Քաղաքի տարբեր հատվածներում և այգիներում այդ օրը կգործեն տաղավարներ, նկարչական ու քանդակագործական ցուցահանդեսներ, համերգային տարատեսակ ծրագրեր: Միջոցառումների ավարտը կտրվի երեկոյան Կոմիտասի անվան հրապարակում՝ տոնական համերգով և հրավառությամբ: