
Թուրքիայի կառավարությունը քանիցս փորձել է հետ վերադարձնել սիրիացի փախստականներին. Բաշար Ասադ

Թուրքական Halk TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան ստույգ տվյալներ չունի երկրում գործող վարձկանների թվաքանակի մասին. «Օտար վարձկանները Սիրիա են ներթափանցում հարևան երկրներից:
Նրանց մոտավոր թվաքանակը կազմում է ավելի քան 10.000 մարդ: Սիրիայում գործունեություն ծավալած ծայրահեղական ու արմատական խմբավորումները որևէ ընդհանուր բան չունեն իսլամի հետ:
Սիրիայի ժողովուրդը տուրք չի տալիս ահաբեկիչների սադրանքներին: Ինչ վերաբերում է Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին, ապա այդ երկրի կառավարությունը քանիցս փորձել է նրանց հետ ուղարկել իրենց երկիր»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի տարածքում ապաստան է գտել մոտ 500.000 սիրիացի փախստական: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խոսքերով՝ նրանց վրա արդեն իսկ ծախսվել է 2 միլիարդ դոլար, որից միայն 135 միլիոն դոլարն է օգնության կարգով ստացվել արտերկրից:
Օրեր առաջ Սիրիայի հարևան երկրները, այդ թվում նաև Թուրքիան, օգնություն էին խնդրել միջազգային հանրությունից՝ հայտարարելով, որ ի վիճակի չեն շարունակ միայնակ կրել այդ բեռը: