Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունները միավորվում են
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ միացվում են 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունները: Դրա հետ կապված՝ ծառայողական անփութության համար 6 ամսով ազատազրկման էր դատապարտվել Տրապիզոնի Ժանդարմերիայի հրմանատար, գնդապետ Ալի Օզը:
Վերջինս Դինքի սպանությունից առաջ իրազեկվել է նրա դեմ ծրագրված սպանության մասին, սակայն ցուցաբարել է ծառայողական անփութություն և ոչինչ չի ձեռնարկել՝ սպանությունը կանխելու համար: Դրա համար Օզը դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման:
Նույնպիսի պատիժ էր ստացել Տրապիզոնի Ժանդարմերիայի Հետախուզական բաժնի պետ, ավագ կապիտան Մեթին Յըլդըզը: Ենթասպաներ Օքան Շիմշեքն ու Վեյսել Շահինը, ինչպես նաև Հուսեին Յըլազը և Հաջը Օմեր Ունալըրը դատապարտվել են 4-ական ամիս ազատազրկման: Իսկ Գազի Գյունայն ու Օնդեր Արազն արդարացվել էին:
Սակայն այն բանից հետո, ինչ Վճռաբեկ դատարանը բեկանեց Դինքի սպանության գործով դատավճիռը, Տրապիզոնի՝ ծանր հանցագործությունները քննող 1-ին դատարանը վերստին անդրադարձել է Դինքի սպանության գործին: Դատարանը պահանջել է այս դատավարությունը միացնել Ստամբուլում ընթացող «մայր դատավարությանը»:
Դատական առաջին նիստին չի մասնակցել Ալի Օզը: Դրան մասնակցել է Դինքի ընտանեկան փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն: Դատավարությունները միացնելու պահանջի հետ կապված՝ որոշվել է նիստը հետաձգել ավելի ուշ ժամկետի:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Թուրքիայի Հանրապետական գլխավոր դատախազությունը պահանջել է վերստին դատարան բերել Տրապիզոնի նահանգի ժանդարմերիայի նախկին հրամանատար, գնդապետ Ալի Օզին և վեց ժանդարմի:
Դատախազությունը նոր փաստեր է հայտնաբերել, որոնք վկայել են, որ տվյալ անձինք փաստաթուղթ էին կեղծել՝ սպանությունը կոծկելու համար: Դրա հետ կապված՝ պահանջվում է վերստին քննել Ալի Օզի և մյուսների գործը, որոնց սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: