«Ասմունքը պոեզիայի գեղեցիկ դրսևորումներից է…»
Օրերս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Մանուշակ Շիրինյանի «Պոեզիայի արահետներով» գրական-երաժշտական երեկոն, որը մի նոր ու գեղեցիկ էջ բացեց մեր ասմունքի պատմության մեջ: Երեկոն սկսվեց «Մեր մեծերը» տեսաֆիլմով: Արվեստասեր հասարակությունն ունկնդրեց դասական և ժամանակակից քնարերգության գոհարներ: Ներկայացվում է մի շնորհալի ասմունքող-արվեստագետ, որն իր մեջ անսպառ հմայք, ապրում ու ջերմություն է կրում և այդ ամենը կարողանում է ամենայն քնքշությամբ ու ինքնատիպ ձևով փոխանցել հանդիսատեսին: Իր ձայնի գեղեցիկ ելևէջներով Մանուշակ Շիրինյանն արվեստասեր մարդուն ուղեկցում է պոեզիայի ամենահաճելի արահետներով:
– Տիկին Շիրինյան, կխնդրեի` ընթերցողին պատմել Ձեր մասին:
– Ավարտել եմ Երևանի թիվ 148 միջնակարգ դպրոցը (այժմ` Մուշեղ Գալշոյանի անվան), իսկ բարձրագույն կրթությունը ստացել Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում: Երկար տարիներ աշխատել եմ ռադիոյում` վարելով մանկական հաղորդումներ` «Պիոներական լուսաբաց», «Ճառագայթ», ինչպես նաև մասնակից եմ եղել մանկական բեմականացումների ու միջոցառումների: Հանրային ռադիոյի «Բարի լույս» ծրագրում տարիներ շարունակ վարել եմ «Հուշանկյուն» էջը` ներկայացնելով հայ և համաշխարհային մեծությունների կյանքի հետաքրքիր դրվագներ ու իրողություններ:
– Ո՞ր տարիքից եք սկսել ասմունքել:
– Ասմունքել սկսել եմ շատ վաղուց: Թեև փոքր-ինչ երկար տևեց դեպի բեմ տանող ճանապարհը, բայց արվեստասերի ու բեմի միջև կապն, ի վերջո, կայացավ: Եվ, հուրախություն ինձ, կայացավ հանդիսատեսի ջերմ, բուռն ու անկեղծ ընդունելության շնորհիվ:
– Ի՞նչ է Ձեզ համար ասմունքը:
– Ասմունքը պոեզիայի գեղեցիկ դրսևորումներից է, որին տիրապետելու կամ հաղորդակից լինելու համար ամբողջ շունչդ ու հոգիդ, ապրումներդ ես ներդնում` զգացմունքի ոչ մի բեկոր չխնայելով: Հրաշալի է, երբ նախընտրած կամ սիրելի ստեղծագործությամբ կարողանում ես հոգումդ եղած զգացողությունները փոխանցել մարդկանց: Պոեզիան շունչ է, որը պետք է զգալ և արտաբերել ամենայն քնքշությամբ ու ներքին երկյուղածությամբ:
– Ունե՞ք սիրելի ասմունքողներ:
– Իհա՛րկե: Հրաչուհի Ջինանյան և Վերա Հակոբյան: Նրանց ասելիքը հանդիսատեսին տրվում էր նյութի ճիշտ զգացողությամբ ու ինքնատիպ մատուցմամբ` մեծ հիացմունք պատճառելով ունկնդրին:
– Ձեր գրական-երաժշտական երեկոն բարձր գնահատականի արժանացավ ունկնդիրների կողմից. այդ էին վկայում միջոցառման ողջ ընթացքում չդադարող ծափահարությունները, մարդկանց հիացական ժպիտներն ու հայացքները և դահլիճում տիրող մեծ խանդավառությունը: Դուք կարողացաք շաղկապել հանդիսատեսի հետաքրքրությունն ու ուշադրությունը: Հետաքրքիր է, թե ովքե՞ր էին ընտրել գրական երեկոյի բանաստեղծությունները, և արդյո՞ք այդ ընտրությամբ էր պայմանավորված երեկոյի հաջողությունը:
– Բանաստեղծություններն ընտրել էի ես` հաշվի առնելով նաև շատերի ճաշակը, ընկալումներն ու կարծիքը: Ծրագրում ընդգրկված էին դասական և ժամանակակից ստեղծագործություններ, նախապատվությունը տրված չէր առանձին հեղինակի: Որքան տարբեր են լինում մտքերի ու զգացումների արտացոլման ձևերը, այնքան ավելի գեղեցիկ ու բարձր է լինում ներգործման աստիճանը: Եվ, ինչպես նկատեց ու ընկալեց հանդիսատեսը, տարբեր հեղինակների ստեղծագործություններից կազմվել էր մի գեղեցիկ փունջ, որի ամեն մի բաղադրիչ ծաղիկն իր ինքնատիպ բույրն ուներ:
– Դուք արվեստասեր հասարակության ուշադրությունը գրավել եք նաև 2010 թվականին հրատարակած «Հուշերի արահետներով» գրքով: Կպատմե՞ք այդ գրքի մասին:
– «Հուշերի արահետներով» գրքում ներկայացված են շուրջ 60 հայ և համաշխարհային մեծություններ։ Շատերն այն կարծիքին են, թե մեծ մարդկանց ընտանեկան կամ կենցաղային մանրուքները, անձնական կյանքը չպետք է գրի առնվեն, ներկայացվեն, որպեսզի չթուլանա նրանց թողած հմայքը: Բայց ես կարծում եմ` մեծերի կյանքում մանրուքներ չեն լինում: Գրքում ամբարված են մեծերի հոգու գանձերը, կատակները, արցունքները, ուրախության և վշտի նշխարները: Դրանք ոչ միայն ամբողջացնում են մեծերի դիմապատկերը, այլև ստիպում նորովի տեսնել նրանց` ավելի մեծ, ավելի մարդ և ավելի սիրելի: Չմոռանանք նաև, որ հանճարի դիմապատկերի լավագույն քանդակն, ի վերջո, տալիս է ժամանակն ինքըգ.:
– Ձեր խոսքը մեր ընթերցողներին ու երիտասարդ ասմունքողներին:
– Սիրե՛ք պոեզիան. այն մեր հոգու ընկերն է, որ խոսում է զգացմունքների պարզ ու անմիջնորդ լեզվով, զգացե՞ք այն ամենայն քնքշությամբ ու ջերմությամբ: Այդ դեպքում ասմունքի սերմերն անպայմանորեն իրենց գեղեցիկ ու առողջ ծիլերը կտան:
ՄԵՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
բանասիրական գիտությունների թեկնածու