Տիգրան Սարգսյանը գտել է Մաքսային միությանը միանալու հիմնավորումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջապես գտել է այն հարցի պատասխանը, թե ինչու էր ինքը նախկինում հայտարարում, որ Հայաստանի համար նպատակահարմար չէ միանալ Մաքսային միությանը` ընդհանուր սահմանի բացակայության պատճառով, իսկ հիմա ակտիվորեն ներգրավված է այդ միությանը միանալու աշխատանքներում:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանը վարչապետին հարցրեց, թե ինչ փոխվեց մի քանի ամսվա ընթացքում, որ ինքը Սանկտ Պետերբուրգում հայտարարեց, որ Մաքսային միությանը միանալը լիովին համապատասխանում է մեր երկրի ազգային շահերին:
Տիգրան Սարգսյանը սկսեց բացատրել, որ Մաքսային միության շրջանակներում ստեղծվել են այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս, որպեսզի Հայաստանից արտահանվող և Հայաստան ներմուծվող ապրանքները երրորդ երկրների սահմանը հատեն` առանց մաքսային զննության, և այդ մեխանիզմները կնպաստեն ինտեգրացիոն գործընթացներին: Տիգրան Սարգսյանն ասում է, որ Հայաստանի կողմից տրված փաստաթուղթը հիմք կընդունվի Ռուսաստանի մաքսավորների կողմից, և նրանք Վրաստանի տարածքով անցնող հայաստանյան բեռները չեն մաքսազերծի, և այդ մեխանիզմների ներդրումը զգալիորեն կնվազեցնի հայ գործարարների ծախսերը:
Տրանզիտային բեռնափոխադրումների գաղափարը նոր հայտնագործություն չէ, առավել ևս այդ հայտնագործությունը չի կատարվել Մաքսային միության շրջանակներում: Պարզ է, որ, եթե Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը, ապա Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները Ռուսաստանում չպետք է մաքսազերծվեն, քանի որ միանալով Մաքսային միությանը` Հայաստանը հայտնվում է նույն մաքսային տարածքում, իսկ ռուս մաքսավորներն էլ պետք է հիմք ընդունեն հայ մաքսավորների տված փաստաթղթերը: Այնպես որ, Տիգրան Սարգսյանի բացատրությունների մեջ ոչ մի նոր և արտառոց բան չկար. նույնը նա կարող էր ասել սրանից վեց ամիս առաջ, երբ պնդում էր, որ Հայաստանի համար Մաքսային միությանն անդամակցելը նպատակահարմար չէ:
Խնդիրը շատ ավելի պարզ է. մինչև սեպտեմբերի 3-ը Տիգրան Սարգսյանը և Հայաստանի բոլոր պաշտոնյաները հայտարարում էին, որ իրենք կողմ են Հայաստանի եվրոինտեգրացիային և լավագույն լուծումը համարում են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, քանի որ այդպես էր հայտարարում նախագահ Սերժ Սարգսյանը:

Ճիշտ է, Սերժ Սարգսյանը երբեք չի հայտարարել, որ ինքը նպատակահարմար չի համարում Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, և երբեք ընդհանուր սահմանի բացակայությունը խոչընդոտ չի համարել Մաքսային միությանն անդամակցելու համար, բայց հայ պաշտոնյաներին ավելորդ նախաձեռնողականության և մտքի ճկունության դրսևորման մեջ մեղադրելն այնքան էլ ճիշտ չէ: Նրանց թվացել է, որ իրենք զարգացնում և ավելի հիմնավոր են դարձնում նախագահ Սարգսյանի եվրոպական ընտրությունը:

Վիճակը կտրուկ փոխվեց սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը, և համապատասխան փաստաթուղթ ստորագրեց: Դրանից հետո բոլոր պաշտոնյաները, այդ թվում և` վարչապետ Տիգրան Սարգսյանը, դարձան Մաքսային միության ջերմեռանդ կողմնակիցներ: Պարզվեց անգամ, որ կառավարությունը մեկ տարի շարունակ բանակցել է Մաքսային միության հետ, և այդ ընթացքում են մշակվել այն մեխանիզմները, որոնք թույլ են տալու Հայաստանին` առանց ընդհանուր սահմանի առկայության, անդամակցել այդ միությանը: Իսկ թե ինչու ԵՄ-ի հետ բանակցությունները եղել են հրապարակային, իսկ ՄՄ-ի հետ տարվողը՝ գաղտնի, կարելի է միայն ենթադրել. Եվրամիության երկրները կարող էին խոչընդոտել Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Գուցե Հայաստանը հատուկ է հրապարակայնորեն բանակցել ԵՄ-ի հետ, որպեսզի բթացնի նրանց զգոնությունը, իսկ տակից գաղտնի բանակցել է ՄՄ-ի հետ:

Կարդացեք նաև

Այս վիճակի վրա պետք չէ զարմանալ, քանի որ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել: Չի կարող Տիգրան Սարգսյանը կամ որևէ այլ պաշտոնյա Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո հայտարարել, որ ինքը շարունակում է մնալ իր նախկին կարծիքին, և համարում է, որ Հայաստանին նպատակահարմար չէ միանալ Մաքսային միությանը: Այդ դեպքում նա ստիպված կլինի, կամ նրան կստիպեն հրաժեշտ տալ իր պաշտոնին: Կա՞ Հայաստանում որևէ պաշտոնյա, ով ԵՄ-ի կամ ՄՄ-ի պատճառով հրաժեշտ տա պաշտոնին: Ընդհակառակը, յուրաքանչյուր պաշտոնյա գիտի, որ ամեն ինչ պետք է ծառայեցվի պաշտոնին հնարավորինս երկար մնալու համար:

Եթե վաղը Սերժ Սարգսյանը հայտարարի, որ Հայաստանի դիրքորոշումը փոխվել է, և պետք է միանալ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին, բոլոր այն պաշտոնյաները, ովքեր այսօր զբաղված են Մաքսային միությանը միանալու օգտակարության գովքն անելով, միանգամից կհայտարարեն, որ վերջապես Հայաստանը կարողացավ ազատվել իրեն պարտադրված ՄՄ ճիրաններից, և իրենց երջանկությունը կարտահայտեն այն առիթով, որ կմիանանք այնպիսի մի ինտեգրացիոն գործընթացի, որը կապահովի մեր երկրի առաջանցիկ զարգացումը:

Այնպես որ, պետք չէ մտածել, որ Հայաստանը վերջնականապես կատարել է իր ընտրությունը` հօգուտ Մաքսային միության: Պետք չէ բացառել, որ հիմա էլ գաղտնի բանակցություններ են վարվում ԵՄ-ի հետ, որովհետև Հայաստանի իշխանություններն ի սկզբանե են հայտարարել, որ կողմ են «և-և» մոտեցմանը:

Տեսանյութեր

Լրահոս