Freedom House-ի «Համացանցի ազատություն 2013» զեկույցում Հայաստանը ճանաչվել է ազատ երկիր
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատություն 2013» իր ամենամյա զեկույցը: Դրանում նշված է, որ ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում համացանցի ազատությունը կրճատվել է համայն աշխարհում:
Վերլուծաբանները դա բացատրում են դիտարկման համար հնարավորությունների մեծացմամբ, վեբ-բովանդակության ղեկավարման նոր կանոններով: Աճել է սոցիալական մեդիայի օգտատերերի կալանավորման դեպքերի քանակը:
Միևնույն ժամանակ ակտիվիստները սկսում են ավելի իրազեկ դառնալ հավանական սպառնալիքների մասին: Ընդ որում, ընդգծվում է, որ քաղաքացիական ակտիվիստների ջանքերը բավական արդյունավետ են եղել համացանցում: Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին:
Զեկույցում ընդգրկվել է 60 երկիր, այն վերաբերում է 2012 թվականի մայիսից մինչև 2013 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածին: Այդ 60 երկրից համացանցի ազատության հարցում հետընթաց է նկատվել 34 երկրում: Ամենաազատ երկրներ են ճանաչվել Իսլանդիան (6 բալ), Էստոնիան (9 բալ), Գերմանիան (17 բալ) և ԱՄՆ-ը (նույնպես 17 բալ):
Ռուսաստանը՝ 54 բալով, և Իրանը՝ 91 բալով, ճանաչվել են որպես ոչ ազատ երկրներ: Ադրբեջանն ու Թուրքիան ճանաչվել են մասնակի ազատ երկրներ, իսկ Վրաստանը՝ ազատ երկիր:
Հայաստանը 29 բալով (100-ից) ճանաչվել է ազատ երկիր: Համացանց մուտք գործելու դժվարությունների հարցում Հայաստանի ցուցանիշը կազմել է 8 բալ (25-ից), բովանդակային սահմանափակումների հարցում՝ 9 բալ (35-ից), օգտատերերի իրավունքների խախտման հարցում՝ 12 բալ (40-ից):