Հայաստանն արդեն իսկ համարվում է «ծերացող» երկիր. Global Age Watch
Global Age Watch միջազգային կազմակերպությունը հետազոտություն է իրականացրել մի շարք երկրներում՝ պարզելու համար, թե ինչպես են ապրում տարեց մարդիկ և թե ինչպիսին է նրանց սոցիալական դրությունը: Ընդհանուր առմամբ, հետազոտությունն անցկացվել է 91 երկրում:
Global Age Watch-ի կարծիքով՝ 2050 թվականի դրությամբ կրկնապատկվելու է թոշակառուների քանակը, որոնք կազմելու են համաշխարհային բնակչության 22 տոկոսը: Այդ պատճառով էլ բոլոր երկրների համար պետք է առաջնահերթ համարվի նրանց սոցիալական դրության բարելավման ու նրանց սոցիալական երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ աշխատելը:
Հետազոտության ժամանակ հաշվի են առնվել մի շարք գործոններ, այդ թվում նաև տարեց անձանց համար առողջապահության ու սննդի մատչելիությունը և հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորությունը:
Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ առաջատարը Շվեդիան է: Ապա գալիս են Նորվեգիան, Գերմանիան, Նիդերլանդները, Կանադան, Շվեյցարիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը, Իսլանդիան, Ճապոնիան: Վերջին տեղում Աֆղանստանն է:
Էստոնիան զբաղեցրել է 29-րդ տեղը, Վրաստանը՝ 37-րդը, Հայաստանը՝ 51-րդը (Լիտվայի (50) ու Տաջիկստանի (52) միջև), Ռուսաստանը՝ 78-րդը, Բելառուսը՝ 60-րդը, Ուկրաինան՝ 66-րդը, Թուրքիան՝ 70-րդը:
Եկամուտ ստանալու (վաստակելու) երաշխիքի ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 40-րդ տեղը (կենսաթոշակային ապահովվածություն՝ 91.6 տոկոս, հարաբերական բարեկեցություն՝ 94 տոկոս), առողջական կարգավիճակի ցուցանիշով՝ 75-րդ տեղը (60-ից հետո ակնկալվող կյանքի տևողությունը՝ 17 տարի, 60-ից հետո ակնկալվող առողջ կյանքի տևողությունը՝ 15.2 տարի, հոգեբանական/հոգեկան հարաբերական բարեկեցություն՝ 86 տոկոսը), զբաղվածության ու կրթության մակարդակով՝ 3-րդ տեղը (55-64 տարեկանների զբաղվածության մակարդակը՝ 63 տոկոս, իսկ կրթական մակարդակը՝ 83.7 տոկոս), հասարակության մեջ ներգրավվելու և բարենպաստ պայմանների ցուցանիշով՝ 80-րդ տեղը (սոցիալական կապեր՝ 54 տոկոս, ֆիզիկական անվտանգություն՝ 79 տոկոս, քաղաքացիական ազատություն՝ 40 տոկոս, հասարակական տրանսպորտի մատչելիություն՝ 45 տոկոս):
2012 թվականին Հայաստանի 3 միլիոնանոց բնակչությունում 60-ից ավել տարիք ունի 15.1 տոկոսը: Հայաստանը բախվում է բնակչության արագ ծերանալու լուրջ խնդրի, իսկ տվյալ ոլորտում բարեփոխումներ չեն իրականացվում դրա ազդեցությունը մեղմելու համար: Հայաստանն արդեն իսկ համարվում է «ծերացող» երկիր: Կանխատեսումների համաձայն, 2050 թվականին ավելի քան 60 տարեկանների մասնաբաժինը բնակչության ընդհանուր թվաքանակում կազմելու է 30.2 տոկոս: