Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի բնակարանը գտնվում է վթարային վիճակում (լուսանկարներ)
Թբիլիսիի կենտրոնում գտնվող այս կառույցի մասին նախորդ տարի խոսում էին գրեթե բոլորը: Հայտնի բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարաններից մեկն է: Լուրը, որ Հովհաննես Թումանյանի տունը վրացական իշխանությունները վաճառում էին, նախորդ տարի տարածվեց կայծակնային արագությամբ: Քննադատությունների տարափից որոշ ժամանակ անց մեկնարկեց բանակցությունների փուլն, ու Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, այսպես ասած, ստիպեցին գումար տրամադրել Թումանյանի բնակարանը գնելու համար: Կարճ ժամանակ անց ավարտվեց նաև իրավաբանական գործընթացն, ու Թումանյանի բնակարանը համարվեց ՀՀ կառավարության սեփականությունը: Թումանյանի բնակարանը հայտնվեց ՀՀ մշակույթի նախարարության հոգածության և օժանդակության ներքո:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այդ ժամանակահատվածում հերթական ամպագոռգոռ խոստումը տվեց` հավաստիացնելով, որ կարճ ժամանակ անց Թումանյանի բնակարանը կդառնա մշակույթի կենտրոն: Անցել է մեկ տարի, սակայն բնակարանը ոչ միայն մշակույթի կենտրոն չի դարձել, այլև կամաց-կամաց վերածվում է վթարային կառույցի: Տունն այսօր կիսաքանդ վիճակում է, տանիքի ծեփերը թափված են, պատերին՝ անձրևի հետքեր, պատուհանները` ջարդված: Մեր այցելության ժամանակ բնակարանում ոչ ոք չկար:
Թե ի՞նչ ճակատագիր կունենա այս բնակարանը` հայտնի չէ: Ակնհայտ է այն, որ տունն անտարբերության է մատնված:
Միակ բանը, որ ազդարարում էր կառույցի` մշակութային օջախ լինելու մասին, դրսում տեղադրված տախտակն էր՝ «Այստեղ ապրել է հայտնի բանաստեղծ Հովհաննես Թումանյանը» նախադասությամբ: