
Էդվարդ Սնոուդենն ընդգրկվել է Սախարովի անվան մրցանակին հավակնողների կրճատ ցուցակում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն ընդգրկվել է ակադեմիկոս Անդրեյ Սախարովի անվան մրցանակի՝ այս տարվա հավակնորդների կրճատ ցուցակում: Այդ մրցանակը հանձնում է Եվրախորհրդարանը, որի կայքում էլ երեկ հրապարակվել է հավակնորդների կրճատ ցանկը:
Սնոուդենից բացի, այդ ցուցակում ընդգրկվել են նաև 16-ամյա (կին) իրավապաշտպան Մալալա Յուսուֆզաին՝ Պակիստանից և կալանքի տակ պահվող բելառուս ընդդիմադիրներ Նիկոլայ Ստատկևիչը, Ալես Բելյացկին ու Էդուարդ Լոբովը:
Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին, իսկ պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերին Ստրասբուրգում կայանալիք ասամբլեայի լիագումար նստաշրջանում: Սախարովի մրցանակը շնորհվում է այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք հատուկ ներդրում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
Եվրախորհրդարանի կողմից շնորհվող Սախարովի անվան մրցանակի առաջին (1988) հաղթողներ են դարձել Նելսոն Մանդելան ու ԽՍՀՄ ժամանակվա այլակարծ Անատոլի Մարչենկոն, ով խորհրդային բանտում մահացել է 1986 թվականի դեկտեմբերին: Մրցանակի դրամական մասը կազմում է 50.000 եվրո: