Աբովյան քաղաքում նույնպես ձուն թանկացել է
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ձվի արժեքը 5-10 դրամով բարձրացել է: Ձվի թանկացումը չէր կարող չհարվածել սպառողի գրպանին, քանի որ ձուն ամենօրյա սպառման սննդամթերք է:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ թանկացումը 5 դրամով է գրանցվել, բայց իրականում 60-65 դրամանոց ձուն այսօր շուկայում վաճառվում է 75-85 դրամով:
«Ամաչում եմ հաճախորդին ասել, որ ձուն թանկացել է: Չափերը փոքր են, գինն էլ՝ 75 դրամ, իսկ մեծ ձվերը 80-85 դրամ են դարձել»,- ասում է խանութի վաճառողուհի տիկին Սոսեն:
168.am-ի հարցին, թե թանկացումն արդյոք չի՞ ազդել վաճառքի վրա, տիկին Սոսեն պատասխանեց. «Իհա՛րկե ազդել է: Եթե մի քանի շաբաթ առաջ գալիս էին միանգամից 10-20 հատ ձու էին առնում, ապա հիմա 5-6 հատ են առնում: Չեմ կարող մեղադրել մարդկանց, մի սպառող էլ ես եմ»: Ձվի թանկացումն անմիջապես նկատեցին թոշակառուներ:
Տիկին Ջուլիկը 168.am-ի հետ զրույցում գանգատվեց, որ 25 հազար դրամ թոշակ ստացողի համար սննդամթերքի անգամ 5 դրամով թանկացումն է նկատելի: «Բա դրանք ծնող ունե՞ն, մայր ունե՞ն: Ես ամբողջ կյանքս աշխատել եմ ու հիմա կոպեկներ եմ ստանում: Չգիտեմ՝ դրանով գազի լույսի վարձերը տա՞մ, թե՞ հաց առնեմ: Էն մի ցամաք հացից էլ ուզում են զրկել»,- ասում է թոշակառուն:
Աբովյանի որոշ խանութներում վաճառողները հույս են հայտնում, որ թանկացումը գուցե ժամանակավոր լինի: «Առաքիչներն ասում են, թե սա ժամանակավոր է, ու գները կկարգավորվեն, բայց ես վստահ չեմ: Այս բնագավառում բավականին երկար ժամանակ եմ աշխատում՝ նման հեքիաթներին հավատալու համար: Առջևում Ամանորն է, ու դեռ էլի կթանկանա: Հետո էսքան ընտրակաշառքն այ սենց պիտի ժողովուրդից «պոկեն»»,- ասում է Անահիտ Հովհաննիսյանը: