
Ինչ են քննարկել պատգամավորները Ջոն Հեֆերնի հետ փակ հանդիպման ժամանակ

168.am-ի տեղեկություններով, երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների անդամները խորհրդարանում հանդիպում են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Մեզ հայտնի դարձավ, որ երկու կողմերի նախաձեռնությամբ հանդիպումը որոշվել է անցկացնել փակ ֆորմատով և մանրամասներ չհրապարակել քննարկման բովանադկությունից: Ի դեպ, հանձնաժողովի անդամները պարբերաբար փակ հանդիպումներ են անցկացնում դեսպանների հետ` վերջերս հանդիպելով նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի և այլոց հետ:
Դեսպանների հետ հանդիպման հաճախականությունը պատգամավորները տարբեր կերպ են մեկնաբանում: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեզ հետ զրույցում այս առնչությամբ նշեց, թե հանձնաժողովովը միտում ունի դեսպաններից առաջին տեղեկատվություն ստանալ այս կամ այն հարցի շուրջ:
Հանձնաժողովի անդամներից փորձեցինք ճշտել նաև, թե ի՞նչ է քննարկվել Ջ. Հեֆերնի հետ, ի՞նչ հարցեր են ուղղվել դեսպանին: ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը 168.am-ին հայտնեց, որ երկկող պայմանավորվածություն է եղել չհրապարակայնացնել հանդիպման մասնրամասները, նա միայն նշեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները: Հարցին` արդյոք Մաքսային միության կամ Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին զրույց չի՞ ծավալվել, պատգամավորը հորդորեց «բավարարվել իր նախորդ պատասխանով»` պատճառաբանելով, թե հանդիպումը փակ է եղել:
ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը նույնպես չհայտնեց քննարկման մանրամասները` դարձյալ ընդգծելով, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել չհրապարակայնացնել նիստի ընթացքը: Փոխարենը Ա. Գեղամյանը շեշտեց, թե նիստից հետո եկել է մեկ եզրահանգման. «Ի դեմս Ջոն Հեֆերնի` մենք ունենք բարձրակագ դիվանագետ, որը լիարժեքորեն տիրապետում է այն խնդիրներին, որոնք վերապահված են ամերիկյան դեսպանատանը»: