Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում չեն տարբերում տեխնիկական լոլիկը սեղանի լոլիկից
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս.թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Պարզաբանում սահմանային հսկողության վերաբերյալ» վերնագրով հրապարակմամբ անդրադարձել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահի՝ ս.թ. սեպտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում բարձրաձայնած խնդիրներին և մեղադրել երևակայության արդյունքում իրականության հետ կապ չունեցող դատողություններ անելու մեջ: Մինչ նման գնահատականին անդրադառնալը, ցանկանում ենք տեղեկացնել, որ Կազմակերպության նախագահն ասուլիսում լրագրողներին խնդրել էր պարզել՝ արդյոք Ծառայությունում տարբերում են տեխնիակական լոլիկը սեղանի լոլոիկից, թե՝ ոչ:
Ինչին ի պատասխան Ծառայությունը մեկնաբանել է` «ՀԿ նախագահի կողմից գործածված «տեխնիկական լոլիկ» եզրույթը՝ որպես հասկացություն, սահմանված չէ ՀՀ օրենսդրությամբ, և դրա դիտարկումը որպես անվտանգության չափորոշիչ խոսում է հեղինակի՝ ոլորտից թերի տեղեկացված լինելու մասին»: Ստացվում է, որ Ծառայությունն ընդունում է, որ չի տարբերակում տեխնիկական լոլիկը սեղանի լոլկից և ցավալի է, բայց չի էլ պատկերացնում, որ գործողություններ իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել նաև գիտությանը հայտնի տերմիններով: «Տեխնիկական լոլիկ» հասկացությունը գիտությանը հայտնի է, իսկ Ծառայության տրամաբանությամբ ստիպված ենք պարզաբանել, որ ըստ նույն տրամաբանության ՀՀ օրենսդրությամբ կարող են սահմանված չլինել «ԳՄՕ պտուղ-բանջարեղեն» կամ «Վտանգավոր տանձ» տերմինները, ինչը դեռ չի նշանակում, որ վերջիններիս գոյությունը հնարավոր չէ:
Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Կազմակերպության նախագահը ոչ մի տեղ չի դիտարկել և քննակել տեխնիկական լոլիկի անվտանգության հարցը և Ծառայության կողմից նմանատիպ մեկնաբանությունը կամ թերի տեղեկացված լինելու, կամ «Վառ երևակայություն» ունենալու արդյունք է: Հավանաբար վատ տեղեկացվածության արդյունքում է նաև այն, որ պարզաբանման մեջ նշվում է, որ «ՀԿ նախագահը չի հստակեցրել թե ինչպիսի նորմատիվ իրավական ակտի մասին է խոսքը և երբ է այդ նախագիծը ներկայացրել Ծառայությանը:
Իրականում, ՀԿ նախագահի կողմից որևէ իրավական ակտի նախագծի վերաբերյալ որևէ գրավոր առաջարկություն Ծառայությունը չի ստացել»։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ ասուլիսի ընթացքում Կազմակերպության նախագահը հստակ պարզաբանել է, որ իրավական ակտի նախնական (աշխատանքային) տարբերակը Ծառայությանը ներկայացրել է դեռևս Ծառայությունում աշխատելու տարիներին:
Եվ, ի վերջո, Ծառայությունը, անկախ նրանից հասկացել էր, թե՝ ոչ, թե երբ էր առաջարկվել իրավական ակտի նախագիծը, այդուհանդերձ պարտավոր էր հիշել կամ չհիշելու փոխարեն պարզաբանել՝ արդյոք ստուգվում է բուսական ծագման մթերքների անվտանգությունը, թե ոչ, քանզի իրավական ակտին անդրադառնալիս Կազմակերպության կողմից բարձրաձայնվել էր հստակ պրոբլեմ, այն է՝ ՀՀ ներկրվող պտուղ-բանջարեղենը չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության ոչ մի անվտանգության ցուցանիշի նկատմամբ, այնինչ խիստ անհրաժեշտ է: Ծառայությունն այդպես էր չի պատասխանել՝ երբ է ի վերջո պատրաստվում ստուգել ՀՀ ներկրվող պտուղ-բանջարեղենի անվտանգությունը:
Ինչ վերաբերում է Ծառայության պարզաբանման մեջ Թուրքիայից կեղծ փաստաթղթերով սննդամթերք ներմուծելու հատվածին, ապա զարմանալի է, որ Ծառայությունը պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող« ՀԿ-ին այն դեպքում, երբ նշված խնդրին անդրադարձել էր Գյուղատնտեսության նախարարությունը, իսկ Կազմակերպությունն ասուլիսի ընթացքում քննարկել է հենց Նախարարության հայտարարությունը:
Պարզաբանման մեջ խոսվում է նաև ինչ-որ կատարելագործման մասին (հսկողության, վերահսկողության համակարգ և այլն), որը ցավոք սրտի մնում է անտեսանելի, և էլի չկա ոչ մի անդրադարձ Կազմակերպության կողմից բարձրացված միակ հարցադրմանը. Ինչո՞ւ չի իրականացվում «Հսկիչ գնում», ինչը հնարավորություն կտար պարզելու ներկրված մթերքների անվտանգությունը:
Պարզաբանման մեջ նշվում է, նաև որ «Ծառայությունը կոչված է իրականացնելու պետական վերահսկողություն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառները կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման և կատարման նկատմամբ, ինչպես նաև իրազեկելու՝ հանրությանը սպառնացող վտանգի պարագայում»: Այո, կոչված է, սակայն ցավոք չի իրականացնում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նպատակն է, որ նմանատիպ կառույցները ոչ միայն թղթի վրա կոչված լինեն, այլև իրականացնեն օրենքով սահմանված իրենց պարտականությունները:
Հ.Գ. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մոտ կարծես դառնում է գործելաոճ սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացին ուղղված աշխատանքներ իրականացնելու փոխարեն սեփական անգործությունն արդարացնելը անհեթեթ, բայց միևնույն ժամանակ մոլորեցնող հայտարարություններով: Կարծում ենք այսքանից հետո ավելորդ է մեկնաբել, թե ով է ոլորտը պատկերացնում թերի և երևակայության արդյունքում դատողություններ անում, որոնք չեն համապատասխանում իրականությանը»:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն
Կազմակերպությունը Ծառայության կամայական պատասխանատուի կամ պատասխանատուների հետ պատրաստ է մասնակցելու բաց ասուլիսային քննարկման, ինչը հնարավորություն կտա պարզել, թե որքանով են արդյունավետ և կիրառվում գործող մեխանիզմները: