
ԱՄՆ-ը երբեք չի կարողանա փոխել Իրանում իշխող վարչակարգը. իրանցի գեներալ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա փոխել Իրանում իշխող վարչակարգը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի «ալ-Քուդս» բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Գասեմ Սուլեյմանին:
Վերջինս մեկնաբանել է սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ-ում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը, որում նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ը չի ցանկանում փոխել Իրանում իշխող վարչակարգին:
Իր ելույթում Օբաման խոստովանել էր, որ ԱՄՆ-ը դերակատարություն է ունեցել 1953 թվականին Իրանում իրականացված հեղաշրջման մեջ: Նա նաև իրանցիներին ճանաչել էր 1980-1988 թվականների Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ քիմիական զենքի կիրառման զոհեր՝ դրանով իսկ դառնալով տվյալ քայլին գնացած ԱՄՆ առաջին նախագահը:
Սուլեյմանիի խոսքերով՝ Օբամայի հայտարարությունը ոչ թե լավություն է Իրանին, այլ՝ ինչ-որ բան փոխելու անկարողության ազդանշան: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը մշտապես փորձել է տապալել Իսլամական հանրապետության վարչակարգը: Սուլեյմանին դատապարտել է նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները: