Թոշակառուները գազը փակել են տալիս
Մեր զրուցակիցը 73-ամյա Ծաղիկ Սելումյանն է, ով հարևանուհիներին խնդրել է լրագրող գտնել, որովհետև լրագրողները պետք է ոչ միայն «պաշտոնավորներին» լսեն, այլև կենսաթոշակառուներին:
Ծաղիկ տատն ամեն խոսքի հետ կրկնում է, որ ինքը հպարտ, արժանապատիվ կին է, և որևէ մեկից ոչ միայն աջակցություն չի ակնկալում, այլև նման քայլ կատարողին դռնից ներս չի թողնի: Տարեց կինը «պաշտոնապես» հայտարարում է, որ օրեր առաջ պահանջել և արդեն փակել է տվել իր տան գազը: Նա ասում է, որ լինելով բացարձակ անպաշտպան մի քաղաքացի՝ իր արժանապատվությունը փրկելու համար «ՀայՌուսգազարդ» ընկերությանն այդպիսով պատժել է: Ասում է՝ «Կգնամ փողոցներից կարտոններ կհավաքեմ, փայտ, թուղթ կգտնեմ ու կվառեմ: Անցած ձմեռ մի կերպ եմ հաղթահարել, բայց արդեն անհնար ա: Արդեն ոչնչացնում են էս երկրի թոշակառուներին»:
Ծաղիկ տատը հավատացնում է, որ ամեն ինչ արվում է երկրի ծերերին նվաստացնելու, նրանց արժանապատվությունը ոչնչացնելու համար, ու եթե ոմանք պայքարելով` փորձում են շարունակել ապրել, ապա վատնում են իրենց վերջին ռեսուրսները: 27.000 դրամ թոշակ ու 16.000 դրամ նպաստ ստացող ծեր կինը ՀՀ իշխանություններին խնդրում է կոպեկ-կոպեկ հաշվարկ անել՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս կարող են միայնակ տարեցներն այդքան թոշակով վճարել ջրի, լույսի, աղբի, գազի, հեռախոսի ամսական վճարներն ու շարունակել գոյատևել:
Ասում է` «Մի դրամի պարտք չունեմ, երբևէ ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել, ոչ մի օգնություն չեմ ստացել ու չեմ էլ ընդունի: Բայց հասկանո՞ւմ ես, որ ինձ նման մարդիկ, ովքեր պատվախնդիր են, էլ չեն կարող ապրել: Արդեն մեզ ենք մաշում»: Ծաղիկ տատը մեկ էլ ամեն օր խաշ-խորովածի մեջ ապրող մեր իշխանություններին տեղեկացնում է, որ 73 տարեկան է, բայց Սովետից էս կողմ իր համար անգամ մի գուլպա չի գնել: Ցույց է տալիս զգեստապահարանը, որտեղ խնամքով դարսված են Սովետի թվի խալաթներն ու իրերը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Ծաղիկ տատիկի տունն առհասարակ սովետական տարիներն է հիշեցնում, սկսած՝ սեղանի ծածկոցից, վերջացրած՝ անկողինների վրա դարսված խոշոր բարձերով: Այս տան՝ ներկայիս իրականության հետ կապող միակ բանը հեռուստացույցն է, որն ամեն օր միացնելուց հետո տատիկն այդպես էլ չի հասկանում, թե ինչպես էր ինքը գործարանում 30 տարի երկու հերթափոխով աշխատելով` կարողանում ապրել, բայց այսօրվա օլիգարխները չաշխատելով` կարողանում են րոպե առ րոպե «բարգավաճել»:
«30 տարի աշխատել եմ հարգանք-պատվով, մեդալներ, պատվոգրեր ունեմ, թերթեր կան, որտեղ իմ մասին գրել են, հերոսի կոչում ունեմ, բայց մնացել եմ Սովետում: Ես ոչ մեկից ոչ մի բան չեմ ուզում, ոչ գործկոմից, ոչ մի տեղի օգնություն չեմ ուզում, ես իմ տանը սոված կամ կուշտ կլինեմ, ծարավ կլինեմ՝ կդիմանամ, բայց սա անելու բան չի: Գազը փակել եմ, փողոցներից կհավաքեմ կտաքանամ, բայց հետո՞… Ես իմ կամքի ուժով եմ ապրում, բա մյուս թոշակառունե՞րը»,- ասում է Ծաղիկ տատը՝ ավելացնելով, որ պետությունից երբեք ոչ մի բան չի ընդունի, միայն կընդունի, եթե պետությունը գնահատելով իր 30-ամյա ստաժը` 27.000 դրամի փոխարեն` գոնե 40.000-50.000 դրամ թոշակ սահմանի: Այսօր պետությունը չի վճարում նույնիսկ պարենային նվազագույն զամբյուղի գումարը: «Սովետից հետո ես մի գուլպա անգամ չեմ առել»,- ասում է նա:
Ծաղիկ տատիկը նաև խնդրում է պաշտպանել իրեն այս իշխանությունների «բուծած» կերպարներով հարևանների տղա երեխաներից, որոնք հավանաբար սերիալ նայելով` ոգեշնչվում են այդ կերպարներից ու «գողականի» կարգավիճակում ինքնահաստատվում են՝ նեղացնելով ծեր կնոջը:
Ասում է` «Հասկանո՞ւմ ես, ես միայնակ եմ, պաշտպանող չունեմ, բազմիցս դիմել եմ թաղայինին, բայց նա չի պաշտպանում ինձ: Էս բակում գնդակ են տշում, ապակիներս կոտրել են, անընդհատ խփում են դարպասներին, պատուհաններին: Ես խնդրել եմ, էդ տղաներին ասել եմ՝ ինձ խանգարում են, վնասում են, ես ծեր կին եմ, ամեն հարվածից սթրես եմ տանում. դրանից հետո հետս թարսվել են: Դիտմամբ խփում են դարպասին, վախեցնում-փախնում են, հայհոյում են ամենալկտի ձևով: Ես չգիտեմ` դրանց ո՞նց են դաստիարակել, բայց հավատա, դրանք ինձ մահվան դուռը կհասցնեն»:
Հարևանուհին ասում է՝ բակի տղաները մի անգամ այս ծեր կնոջն այնպես են ծեծել, որ շտապօգնություն են կանչել:
«Վերջերս թաղում մարդ էր մահացել: Թաղումն արեցին, Ծաղիկ տոտան ներսից դուռը բացել-տեսել էր` թաղման ծաղիկները բերել դրել են իր դռան առաջ: Շատ են տանջում էս ծեր կնոջը, հավատա, շատ լկտի երիտասարդություն ա: Էս կնոջը հանգիստ չեն տալիս: Թաղայինին խնդրել ա, որ նրանց կարգի հրավիրի, բայց…»:
«168 ԺԱՄ»