Ինչո՞ւ Արմեն Մարտիրոսյանը չի բողոքարկի ՀՔԾ-ի որոշումը

Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ին ոստիկանների կողմից բռնություն էր գործադրվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ:

Օրերս հայտնի դարձավ, որ այդ փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում՝ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է:

«168 ժամը» ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմքով է կարճվել քրեական գործի վարույթը: Իր գրավոր պատասխանում ՀՔԾ մամուլի քարտուղարը նշել է. «Տեղեկացնում ենք, որ 2013 թ. ապրիլի 9-ի դեպքերի կապակցությամբ 2013թ. ապրիլի 17-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ.- Օ.Հ.) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով.- Օ.Հ.) հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2013թ. ապրիլի 9-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Ժառանգություն» կուսակցության կողմից անցկացված քայլերթի ժամանակ Արմեն Մարտիրոսյանն առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ծառայություն իրականացնող ոստիկան Արմեն Դանիելյանի նկատմամբ:

Բացի այդ, նույն օրը` ժամը 19։00-ի սահմաններում, Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի մասնակիցների և Բաղրամյան պողոտայի երթևեկությունը ժամանակավոր սահմանափակած ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների միջև տեղի ունեցած ընդհարման ընթացքում Արմեն Մարտիրոսյանը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նաև ծառայություն իրականացնող ոստիկան Արթուր Ղազարյանի նկատմամբ, որից հետո Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին:

Կարդացեք նաև

Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2013 թ. ապրիլի 9-ի երեկոյան Ոստիկանության ծառայողները գործել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, և նրանց կողմից Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը եղել է իրավաչափ, քրեական գործով որոշում է կայացվել Ոստիկանության ծառայողների նկատմամբ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Միաժամանակ, իշխանության վերը նշված ներկայացուցիչների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար Արմեն Մարտիրոսյանը ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը, հաշվի առնելով, որ վերը նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել հետընտրական ժամանակաշրջանում և քաղաքական պայքարի լարվածության պայմաններում, իսկ դրան հաջորդող ժամանակաշրջանում Արմեն Մարտիրոսյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ, հակաօրինական արարքներ թույլ չի տվել, միջին ծանրության վերը նշված հանցանքը կատարել է առաջին անգամ, ինչպես նաև այն, որ Արմեն Մարտիրոսյանը, օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով իրեն ընձեռված իրավունքից, չի առարկել իրադրության փոփոխման հետևանքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, վարույթն իրականացնող մարմինը հիշյալ հիմքով կարճել է քրեական գործի վարույթը»:

Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր նկատմամբ ֆիզիակական ուժի գործադրումը Ոստիկանության ծառայողների կողմից իրավաչափ չի եղել: Միևնույն ժամանակ, ըստ Ա. Մարտիրոսյանի, չնայած ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն եղել, այնուամենայնիվ, ինքը չի բողոքարկելու Հատուկ քննչական ծառայության որոշումը` մի քանի պատճառներով. «Ես Հայաստանում արդարադատությունից սպասելիքներ չունեմ, միակ սպասելիքս Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանից է, որտեղ ես չեմ դիմելու, որովհետև նրա՝ որոշումների ընդունման դեպքում էլ Հայաստանի քաղաքացիներն են տուժում, որովհետև մենք ենք մեր հարկերից վճարում այդ գումարները: Երկրորդ. չեմ բողոքարկելու, որովհետև ոստիկանների գործողությունները կապված են տվյալ երկրի քաղաքական իրավիճակին և, եթե ես շահեմ այդ դատը, որը մի քանի տարի կտևի, այստեղ, անկախ ամեն ինչից, եթե նորմալ պետության հիմքեր փորձեցինք դնել, իրավիճակը դեպի դրականն է փոխվելու, եթե գնալու ենք Մաքսային միություն և այնտեղի օլիգարխիկ կառավարման համակարգն ենք շարունակելու կեղծված ընտություններով, ուրեմն ավելի է վատթարանալու և իմաստ չի ունենալու: Այսինքն՝ նույնիսկ, եթե Եվրոդատարանն ինչ-որ բան որոշի, դրանից Հայաստանի ոստիկանական համակարգը ոչ լավանալու է, ոչ էլ վատանալու է: Երրորդ խնդիրը նաև այն է, որ ինձ հասած տեղեկություններով՝ այդ միջադեպերի հետ կապված երկու ոստիկան պատժվել են, ոչ թե պատժվել են այդ իրադարձությունների հետ կապված, այլ չգիտեմ՝ ինչ առումով համակարգից դուրս են, ազատվել են իրենք գործից»:

Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ Հատուկ քննչական ծառայության որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում արդարադատություն չկա: «Ես նշեցի իմ խոսքում, որ ես արդարադատության համակարգից սպասելիքներ չունեմ: Բնականաբար, ես ավելի լավ վիճակում եմ հայտնվել, քան Տիգրան Առաքելյանը, որը երկու տարի է՝ բանտարկված է, բայց ցանկացած պարագայում, երբ համեմատում ենք Տիգրան Առաքելյանի և Սուրեն Խաչատրյանի որդու դեպքերը, նայում ենք, տեսնում ենք, որ իսկապես արդարադատություն չկա: Ուստի և արդարադատություն սպասել Հայաստանում ուղղակի միամտություն կլիներ»:
Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք վերջինս, ինչպես ասվում է ՀՔԾ մամուլի քարտուղարի պատասանում, բռնություն գործադրե՞լ է ոստիկանների նկատմամբ:

«Առաջին դեպքը եղել է այն պահին, երբ իմ մայրիկի և աղջկա նկատմամբ են բռնություն իրականացրել, և ես՝ բնականաբար, որպես որդի և հայր, պետք է անցնեի իմ հարազատների պաշտպանությանը, ինչը և արել եմ, և կարծում եմ, մինչև հիմա համոզված եմ, որ ճիշտ եմ արել: Նույնիսկ, եթե ինձ դատապարտեին դրա համար, ես, միևնույն է՝ իմ ընտանիքի անդամների այդ ինքնապաշտպանությունը պետք է իրականացնեի: Երկրորդ դեպքը ևս տեղի է ունեցել, բայց այն բանից հետո, երբ տվյալ անձնավորությունն ինձ հարվածել է: Այսինքն՝ ես նորից ինքնապաշտպանության մեջ եմ գտնվել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ինքն առաջինը չի հարվածել: Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ առավոտյան տեղի ունեցած դեպքի տեսագրությունը չկա, սակայն երկրորդ դեպքը տեսագրվել է, որտեղ հստակ երևում է՝ առաջինն իրեն են հարվածել:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս