
Գիտնականները Համաշխարհային օվկիանոսում հայտնաբերել են տիեզերական սև խոռոչների նման խորհրդավոր հորձանուտներ

Fluid Mechanics պարբերականի փոխանցմամբ՝ Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի ու Մայամիի համալսարանի հետազոտողները կարծում են, որ կարողացել են «սև խոռոչներ» գտնել ոչ միայն տիեզերական տիրույթում, այլև՝ Երկրի վրա՝ Հարավային օվկիանոսում:
Գիտնականները համոզված են, որ վիթխարի խառնարանները, որոնց անհնար է տեսնել, իրականում գոյություն ունեն և անգամ ունեն գործունեության ժամկետ՝ մեկ տարի: Նրանց պատրաստած զեկույցում նշված է, որ ամենամեծ հորձանուտները գրանցվել են Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում:
Ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ դրանք իրենցում ջուրը ներծծում են այնպես, ինչպես որ սև խոռոչները տիեզերքում կուլ են տալիս լույսը: Նշվում է, որ այդ խառնարանները այնքան խիտ են շրջապատված ջրի մշտապես շարժվող հոսանքներով, որ դրանցում հայտնված ամեն ինչ (աղբ, կենդանի էակ և անգամ ջուր) անհետանում է հավերժ:
Գիտնականները մեծ դժվարությամբ են սահմանել հորձանուտների սահմանները, քանի որ ջրապտույտները չափազանց կտրուկ են և տեղաշարժվում են քաոսային կարգով: Գիտնականները հուսով են, որ իրենց ստացած արդյունքները կօգնեն լուծել իրենց մտահոգող մի շարք հարցեր, այդ թվում նաև հորձանուտների ազդեցությունը Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի վրա, ինչպես նաև դրա աղտոտման պատճառը: