
«Բանդայի» գործով մահացած ամբաստանյալ Արման Դալլաքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց դադարեցնել քրեական հետապնդումը «բանդայի» գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանի նկատմամբ վերջինիս մահանալու պատճառով: Հիշեցնենք՝ Արման Դալլաքյանը մահացել է սեպտեմբերի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Արման Դալլաքայանի հայրն ավելի վաղ դատարանին դիմում էր ներկայացրել՝ խնդրելով իր որդու մասով չկարճել գործը, շարունակել դատաքննությունը և նրան անմեղ ճանաչել: Ամբաստանյալի պաշտպան Վաչագան Քոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արման Դալլաքյանի հայրը այժմ ևս մեկ դիմում է ներկայացրել դատարան. «Խնդրել էր, որ նախկին դիմումը թողնվի անհետևանք: Չի առարկում վարույթը կարճելու դեմ: Ընդ որում, երկրորդ դիմումը նաև մայրն էր ստորագրել: Ես էլ հայտարարություն արեցի, որ մենք գնալու ենք Արման Դալլաքայանի նկատմամբ բռնություններ գործադրելու, խոշըտանգումների, ճնշումների և ոչ բավարար բժշկական օգնություն ապահովելու ապացուցման ճանապարհով»:
168.am-ի հարցին՝ ինչով է պայմանավորված մահացած ամբաստանյալի ծնողների դիրքորոշման փոփոխությունը, Վաչագան Քոսյանը պատասխանեց. «Իրենց դիրքորոշումն է»:
Մանրամասները՝ «168 ժամ» թերթի վաղվա համարում: