«Արա՛, հանկարծ պռոշներիդ չկպցնես այդ շիշը», «արա՛ լավ, շշի մերը…». Այսպես են արձագանքել 6-րդ վաչությունում «Բանդայի» գործով մահացած Արման Դալլաքյանի խնդրանքին

Սեպտեմբերի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել էր «բանդայի» գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը: Նրա հայրը՝ Ալբերտ Դալլաքյանը, հայտարարել էր, թե գրեթե համոզված է՝ որդուն «այնպիսի դեղեր են սրսկել, որ կամաց-կամաց քայքայվի, մեռնի»:

168.am-ի հետ զրուցում Արման Դալլաքյանի պաշտպան Վաչագան Քոսյանն ասաց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները, սակայն, դեռևս հայտնի չեն: Վ. Քոսյանի խոսքով՝ 2011-ի սեպտեմբերի 25-ին Արման Դալլաքյանը ձերբակալվել է, և երբ հասել է բաժին, պնդել է, որ իր նկատմամբ բռնություններ են եղել, իրեն ծեծի են ենթարկել.

«Սեպտեմբերի 26-ին ինքը դանակով իրեն հարվածել էր հինգ անգամ, որից 3-ը որովայնի թափանցող վերքեր էին: Դա եղել է սեպտմբերի 26-ին՝ մոտավորապես ժամը 20-ի սահմաններում: Անմիջապես հրավիրվել է շտապօգնություն, 6-րդ վարչություն, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Սպտմբերի 26-ին վիրահատվել էր, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 21:00-ին Արման Դալլաքյանին դուրս էին գրել վերակենդանացման բաժնից և բերել ոստիկանության հոսպիտալ: Այնտեղ նույն օրը ժամը 22:00-ին հարցաքննություն է եղել: Հիմա հարց է առաջանում՝ ընդամենը 24-25 ժամ առաջ վիրահատված անձին հարցաքննո՞ւմ են, ընդ որում`առանց պաշտպանի: Բայց հոսպիտալում մուտքը հաջորդ օրով էին ներկայացրել, փաստաթղթերով ինքը հոսպիտալ մուտքագրվել է 28-ին, բայց 27-ին ինքն այնտեղ է եղել: Սա է փաստը: Հաջորդ հարցը նա էր, որ ես հարցում եմ ներկայացրել «Էրեբունի» բժշկական կենտրոն այդ կապակցությամբ, թե ի՞նչ իրավունքով կամ ի՞նչ հիմքերով են դուրս գրել վերակենդանացման բաժնից նոր վիրահատված անձնավորությանը: Պատասխանել են, որ դա եղել է ոստիկանների պահանջով: Հետագայում` ամսի 27-ին, վիրահատության հաջորդ օրը, կասկածյալի հարցաքննությամբ մի երկու նախադասությամբ ինքնախոստովանական ցուցմունք էր տվել Արմանը: Մի անգամ էլ հաջորդ օրն է ցուցմունք տվել, որտեղ պնդել է որպես կասկածյալ տված ցուցմունքը, և հենց հասել է «Նուբարաշենի» մեկուսարան, անմիջապես սկսել է բողոքել, որ իր նկատմամբ բռնություններ են եղել, ճնշումներ են եղել, և երբ ինքը վիրահատությունից հետո ուշքի է եկել, տեսել է, որ ինքը գտնվում է մասկաներով ոստիկանների հսկողության տակ, որոնք իրեն սպառնում էին, և ինքը ճար չուներ, ստիպված այդ մի քանի նախադասությունը գրել է, որպեսզի ազատվի այդ վիճակից: Այսինքն՝ հենց հասել է «Նուբարաշենի» մեկուսարան, սկսել է բողոքարկել:

Հետագայում քննիչը գործի մեջ դրել է մի տեսաձայնագրառման նյութ, որտեղ 6-րդ բաժնում Արմանի հետ զրուցում են, դա հարցաքննություն, բացատրություն չի, ուղղակի, այսպես ասեմ՝ զրույց է, խոսում են և շատ վատ են վերաբերվում իր հետ, հայհոյանքներով գռեհիկ: Այնտեղ դիմակավորված մարդիկ են նստած, մարդիկ են մտնում, դուրս գալիս: Այդտեղ մի էպիզոդ կա. Արմանը ջուր է խնդրում, ինքը շատ վատ վիճակում է, երբ նայում ենք, ասում է՝ ջուր եմ խնդրում, ջուր տվե՛ք, մեկը ջուր է տալիս, ջերմուկի պլասմասայի շշով, կադրից դուրս գտնվողն ասում է՝ «արա՛, հանկարծ պռոշներիդ չկպցնես այդ շիշը», իսկ զրույցը վարողն արձագանքում է, ասում է՝ «արա՛ լավ, շշի մերը…», ու հայհոյում է` «շիշը թող կպցնի էլի, կգցենք«: Հիմա դուք պատկերացրեք անձի նվաստացման աստիճանը: Դա դրել են որպես ապացույց, որը, իմ կարծիքով՝ երբ ցանկացած դատավոր տեսնի, պետք է լրիվ ուրիշ արձագանք տա, էլ չեմ ասում` եվրոպական ցանկացած դատարան երբ դա տեսնի, կասի, որ մենք վայրենիներ ենք»:

Կարդացեք նաև

Պատասխանելով հարցին՝ արդյոք Արման Դալլաքյանի մասով դատաքննությունը կշարունակվի՞, Վ. Քոսյանն ասաց. «Կարծում եմ շարունակվելու է, որովհետև հայրը դիմում էր ներկայացրել: Այդ կապակցությամբ դեռևս դատական նիստ չեղավ: Առայժմ ես այդքանը կարող եմ ասել: Իրենց ցանկությունն է դա»:

Վ. Քոսյանի խոսքով՝ Արման Դալլաքյանի հայրը դատարանին դիմում է ներկայացրել և խնդրել` որդու մասով գործը չկարճել, դատաքննությունը շարունակել և արդարացնել որդուն:

Վաչագան Քոսյանի հետ զրույցի մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս