
ՀՀԿ-ական թեկնածուն պնդում է, որ Սուրեն Խաչատրյանը կապ չունի իր թեկնածության հետ

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանը, երեկ՝ սեպտեմբերի 22-ին հրավիրած ասուլիսում ուշագրավ հայտարարություն է արել: Ըստ էության, նա հերքել է մամուլի այն հրապարակումները, թե նրա թեկնածությունն առաջարկել է Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը: «Իմ թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն, հանձինս մեր Սյունիքի մարզպետի` Վահե Հակոբյանի: Ինքը աշխատելով Ազգային ժողովում՝ հասկանում եմ, թե ինչու է իմ թեկնածությունը առաջադրել: Նա լավ գիտի, թե ինչ մարդ է պետք, ինչ հնարավորություններ պետք է ունենալ: Միգուցե գնահատելով իմ անցած ճանապարհը, առաջադրել է իմ թեկնածությունը»,- ասել է Կարապետյանը:
Վերջինիս խոսքով քարոզարշավի խիստ գրաֆիկի պատճառով չի կարողանում հետևել իր մրցակցի՝ «Ժառանգությունից» առաջադրված Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը: Ըստ Կարապետյանի, քաղաքակիրթ պայքար է, և թեկնածուները չեն վիրավորում միմյանց: Ընտրվելու դեպքում էլ Կարապետյանը խոստացավ միշտ հասանելի լինել ընտրողներին: «Գրասենյակ, օգնականներ կունենամ Կապանում, ու ցանկացած խնդիր կհասնի ինձ»,- ասաց նա:
Նկատենք, սակայն, որ նույնիսկ այս օրերին Արմեն Կարապետյանը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին: