
Վանաձորի քիմգործարանի աշխատակիցները ստացել են մեկ ամսվա աշխատավարձը. Նրանք դեռևս մայրուղին չեն փակի

Վանաձորի քիմգործարանի աշխատակիցները երեկ ստացել են մեկ ամսվա աշխատավարձը: Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատակիցները գործադուլ էին հայտարարել, որից հետո հանդիպել էին գործարանի ղեկավարության հետ, որի ժամանակ տնօրենը խոստացել էր հարցը կարճ ժամանակում լուծել:
Գործարանի աշխատակիցներն էլ լրագրողների հետ զրույցում հայտնել էին, որ եթե իրենք այս անգամ էլ աշխատավարձ չստանան, ապա կդիմեն ծայրահեղ քայլի՝ փակելով միջպետական ճանապարհներից որևէ մեկը: Գործարանում այս պահին բնականոն աշխատանքային օր է, իսկ թե ե՞րբ կստանան իրենց մյուս ամիսների աշխատավարձերը` աշխատակիցները չգիտեն: Տնօրինությունը գործադուլի օրը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ բանկերում սառեցված են գործարանի հաշիվները և իրենք ամեն ինչ անում են, որպեսզի խնդիրը լուծվի: