Ուղեվարձի թանկացման նոր փուլը
Զինադադարն ավարտվեց: Ներքաղաքային տրանսպորտի սակագնի 50 տոկոսանոց աճի ձախողման փորձից հետո տղերքը նորից աշխուժացան: Չի կարելի ասել, որ անցած երկու ամիսն իզուր անցավ: Քաղաքային իշխանություններն այդ ընթացքում բավական նուրբ բեմադրություններ հեղինակեցին: Հեռուստաընկերությունների եթերներում պարպերաբար մասնագետ, փորձագետ ու հասարակական կազմակերպությունների անդամ ներկայացող անձինք բացատրում էին, որ ուղեվարձի պահպանումը ոլորտին զարգանալու հնարավորություն չի տալիս: Իբր իրենք շահ չունեն, պարզապես ներքաղաքային տրանսպորտի ապագայի մասին են մտածում: Քաղաքապետարանի համապատասխան չինովնիկներն էլ ձեռքերը ծալած չէին նստել: Պարբերաբար երթուղիների մրցույթներ էին հայտարարում: Հայտարարում ու մի քանի օր անց ամփոփում էին՝ «Հայտ ներկայացնողներ չեղան»:
Երեկ էլ նման մի տեքստ հրապարակվեց: Պարզվում է` Երևանում ուղիղ 23 երթուղիների պարբերաբար հայտարարված մրցույթում հայտեր չկան: «Չեմ հավատում»,- կասեր դասականը: Բայց դասականներին հիմա մարդատեեղ դնող չկա: Այս անգամ իշխանությունները լուրջ են պատրաստվել: Գծատերերի պարտադրանքն այս անգամ չի տապալվի: Փորձագիտական տվյալներով` մայրաքաղաքում մոտ 100 գծատեր կա: Նրանց մի մասը խիստ ազդեցիկ պաշտոնյա է, իսկ մյուս մասը՝ նրանց հավասարեցված անձ՝ որդու, փեսայի, աներձագի, սանիկի ու այլ հարակից կարգավիճակներով: Նրանք մանր ու մեծ չինովնիկներին կենաց մահու կռվի կհանեն սակագների 50 տոկոսանոց բարձրացման պայքարում: Չինովնիկները «փաստարկախեղդ» կանեն հակառակ կարծիք ունեցող փորձագետներին՝ մասնավորապես և հասարակությանն ընդհանրապես: Չինովնիկները բնականաբար կխոսեն ներքաղաքային տրանսպորտի մոդեռնացման, ժամանակակից տրանսպորտային միջոցների ներկրման անհրաժեշտության մասին: Հասարակության մի մասը ըմբռնումով կմոտենա:
Մյուսները՝ չեն հավատա: Չեն հավատա, որովհետև ոլորտը կարգավորող չինովնիկները չեն խոսի ներքաղաքային ուղևորափոխադրման կառավարման բարեփոխումների մասին: Անկանխիկ գործարքների ջատագով վարչապետն էլ ոչինչ չի ձեռնարկի ոլորտի կանխիկ շրջանառությունը վերացնելու ուղղությամբ: Որովհետև խոսքը լուրջ փողերի մասին է: Մայրաքաղաքում երթուղային միկրոավտոբուսները, ըստ փորձագետների, օրական 500-600 հազար ուղևոր են փոխադրում: Այսինքն` խոսքը օրական 50-60 մլն դրամ շրջանառության մասին է:
Անհատ ձեռներեցին ու պուճուր խանութին հարկային օրենսդրության ողջ թափով ՀԴՄ պարտադրող մեր չինովնիկները ոչ մի քայլ չեն ձեռնարկում անկանխիկ շրջանառության այս օջախը հարկելու ուղղությամբ: Հավանաբար ի վիճակի չեն: Որովհետև իրական գծատերերը ազդեցիկ դեմքեր են՝ պաշտոնավոր անձինք ու քրեական հեղինակություններ, որ բոլոր ընտրությունների իրական շարժիչ ուժն են: Նրանք հիմա վերջնական պայքարի են ելել՝ հանց նորօրյա 50-ականներ: Բոլորի համար ակնհայտ է, որ ուղեվարձի թանկացման 50 դրամից ոչ վարորդներն են մաս ունենալու, ոչ սպասարկող մյուս անձնակազմը: Տղերքն արդեն հաշվարկն արել են: Թանկացումը նրանց կապահովի օրական լրացուցիչ 25-30 մլն դրամ: Ամսական կտրվածքով այն կկազմի նվազագույնը 750 մլն դրամ: Լրացուցիչ 1,8-1,9 մլն դոլարը լուրջ փող է: Հատկապես, եթե այն ձեռք ես բերում առանց ջանքի ու աշխատանքի:
Ուղեվարձի թանկացման հիմնավորման համար ոլորտի ղեկավարությունն այս թվերը չի բերի: Լավագույն դեպքում նրանք կասեն, որ այս գումարը բաժանվում է մայրաքաղաքում գործող մոտ 150 երթուղիների միջև: Այլ կերպ ասած` միջին թվաբանական կհանեն: Ու ոչ ոք չի ասի, որ միջին թվաբանականն այստեղ նույնքան անիմաստ է, որքան հիվանդանոցում բուժվող հիվանդների միջին ջերմաստիճանն հաշվելու փորձը: Ոչ ոք չի կասկածում, որ կան եկամտաբեր և շատ եկամտաբեր երթուղիներ:
Հիմա ոլորտի սեփականատերերի խնդիրն է հասարակությանը պարտադրել այն համոզումը, որ ներքաղաքային ուղևորափոխադրումը շահութաբեր չէ: Եվ, որ իրենք դրանով զբաղվում են բացառապես բարեգործությամբ զբաղվելու հումանիստական մղումներով: Զուգահեռ կշարունակվեն այն 23 երթուղիների մրցույթները, որոնք հատուկ տնտեսապես աննպատակահարմարության տեսանկյունից էլ հորինվել են: Փորձագետների տվյալներով, նոր գծերի հնարավոր հավակնորդներին պարտադրվում է առնվազն 25 միկրոավտոբուս ունենալ: Իսկ նման ֆինանսա-տնտեսական հնարավորություն ունեցող անձինք անփորձ չեն: Նրանք հրաշալի գիտեն օտար բիզնես մտնելու հետևանքները: Հասարակությունն ահագին ոգևորվել էր թանկացման առաջին փորձի ընթացքում իր տարած հաղթանակով:
Ամսական 750 մլն դրամը լուրջ թիվ է: Ցանկացած քիլլեր ձեզ դա կբացատրի: 50 դրամով սակագինը բարձրացնելու դեմ պայքարի ակտիվիստների հարցերը լուծելուն այն կբավականացներ: Մեր գծատերերը ներեցին առաջին փուլում հասարակության հաղթանակը՝ մասնավորապես ու հասարակությանն ընդհանրապես: Պարզապես այն պատճառով, որ չներելու դեպքում հասարակական տրանսպորտից օգտվող չէր մնա: Ճիշտ այդքան է մեր արժեքը: Մենք մեր իշխանություններին պետք ենք ուղեվարձ վճարելու համար: Եվ որքան շատ` այնքան լավ: