Մեղավորը ճանապարհափոսն էր. Լոռու մարզի դատախազի անդրադարձը 168.am-ի հրապարակումներին
Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանն իր անմիջական ուշադրության տակ է պահում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի հետևանքով տեղի ունեցած՝ մահվան ելքով վթարի քննությունը, ինչպես նաև 168.am-ի կողմից արված բազմաթիվ հրապարակումները: Թեմային օրերս կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ևս անդրադարձ եղավ: Մասնավորապես, դատախազը քննությունն իրականացնող մարմնից պահանջեց հստակ քննություն իրականացնել, թե արդյոք տեղի ունեցած վթարի պատճառը եղել է փո՞սը, և եթե այո, ապա դա ևս քննության առարկա դարձնել, պարզելու, թե ո՞ւմ կողմից է քանդվել, և ո՞վ պետք է նորոգեր ավտոճանապարհը, որ չի արել:
Լոռու մարզի քննչական ծառայության պետի տեղակալ Նարեկ Օսյանը ներկայացնելով նախաքննության ընթացքը՝ նշեց, որ նշանակված բոլոր փորձաքննությունների պատասխաններն ստացվել են, մնում է միայն ավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, որից հետո էլ կպարզվի, թե ինչն է եղել իրական պատճառը: «Ըստ էության, ցուցմունքներում նշվել է, որ վարորդը փորձել է շրջանցել փոսը, որի արդյունքում էլ բախվել է հանդիպակաց երթևեկող մեքենային: Ամբողջ քրեական գործը տրամադրվել է, որպեսզի փորձագետը կարողանա ճշտել ցուցմունքների արժանահավատությունը. գուցե բախման մեխանիզմը չի համապատասխանում տրված ցուցմունքներին»,- ասաց Օսյանը:
Դատախազ Հ. Ղարախանյանը հանձնարարեց, որ եթե պարզվի՝ բախման պատճառն իսկապես փոսն է եղել, ապա «Ճանապարհաշինարարական աշխատանքները կանոնակարգելու հարց է բարձրանալու, ամեն մեկն ամեն մի ցանկացած պահի ու տեղ չի կարող ճանապարհ քանդել ու ժամանակ ձգել»,- ասաց նա:
Մեզ հետ զրույցում Հակոբ Ղարախանյանն ասաց, որ հետևել է մեր հրապարակումներին և հանձնարարել է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:
Լուսանկարը` հեղինակի