Պարգև Օհանյանը` «Փակ շուկայի» մասին. «Ո՞ւմ է պետք այդ մեռած արժեքը»
Նախկին դատավոր Պարգև Օհանյանի համոզմամբ` Հայաստանում դեռևս ձևավորված չէ քաղաքացիական հասարակություն: «Քաղաքացիական հասարակությունը կլինի քաղաքացիական հասարակություն, երբ լինի միասնական` հանդես գա որպես մեկ ազգ: Եթե ինչ-որ քաղաքական ուժեր ուղղորդեն, արդեն քաղաքացիական հասարակություն չէ: Ես ընդհանրապես չգիտեմ՝ ի՞նչ բան է քաղաքացիական հասարակությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պարգև Օհանյանը` մանրամասներով ֆեյսբուքյան իր վերջին գրառումը:
«Կան քաղաքական (իրենց կարծիքով` հանուն արդարության) շահեր հետապնդողներ, բայց ոչ հուշարձանն իրականում գնահատողներ, որովհետև իրական գնահատողը կհասկանա, որ պետք է պայքարել ոչ թե մեռած հուշ-արձանների, այլ մեռնող` հուշ-արձան դարձող մեր քաղաքների, գյուղերի, ծխացող տների և, ամենակարևորը` աշխատանք, ուստի և ապրուստի միջոց չունեցող, հոգևոր (ինչու չէ` նյութական, բարոյական, գուցե նույնիսկ` մասնագիտական) աջակցություն մեր կողմից չստացած մարդկանց համար, ովքեր լքում են երկիրը… Պետք է պայքարել բռնաբարված և միայնակ` իրեն բռնաբարողի ու իրավապահ մարմինների կամայականությունների դեմ պայքարի ելած աղջկա և ամեն մի մարդու խախտված իրավունքների վերականգնման համար և ոչ թե իշխանությունների կամ առանձին «օլիգարխների» դեմ, այլ նրանցում տեղ գտած, արմատացած արատավոր երևույթների, ապօրինությունների… դեմ և գործիք չդառնալ այս կամ այն քաղաքական ուժի ձեռքին` հասարակությունը (ազգը) բաժանելով իշխանականների և ընդդիմությունների` լևոնականների, ռաֆիականների, որոնք, հնարավոր է (տա Աստված սխալվեմ)` ամեն ինչի գնան (եթե վստահ լինեն, որ կհաղթեն) անգամ սիրիական ճանապարհով (արևմուտքի սրտով) միայն թե իշխանության գան: Սիրեք և օգնեք միմյանց ՄԱՐԴԻԿ…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Պարգև Օհանյանը:
168.am-ի դիտարկմանը, թե հասարակական տարբեր նախաձեռնությունները, որոնք պայքարում են տրանսպորտի սակագնի թանկացման, «Փակ շուկայի» քանդման դեմ` արդյոք քաղաքացիական հասարակություն չե՞ն, Պարգև Օհանյանը նախ նշեց, թե ինքը ողջունում է այդ շարժումները, ապա նշեց, որ դրանք միայն սաղմ են.
«Բայց հենց այդ նույն շարժումների մասին է նաև իմ միտքը, որ կարող են օգտագործվել` առանց հասկանալու: Եթե պայքարում են «Փակ շուկայի» արձանի` հուշ-արձանի համար, թույլ չտալով իսկապես շուկա կառուցել… արտաքին տեսքը շուկայի չի պահպանվում, բայց փոխարենը լինում է մի այնպիսի շուկա՝ սուպերմարկետ, որը կապահովի աշխատատեղերով: Վատ կլինի՞… Մի քանի ընտանիք պակաս կարտագաղթի: Կամ էլ` «Մոսկվա» կինոթատրոնի շուրջ տեղի ունեցած աղմուկը, հիշո՞ւմ եք, երբ պետք է վերականգնվեր Պողոս-Պետրոս եկեղեցին: Բայց ինչ-որ հեթանոս ճարտարապետներ որոշեցին, թե դա այդպես չէ: Դե եկեք ոչինչ չանենք, ոչինչ չկառուցենք, թող լինի հոգու սով, աշխատատեղերի նվազում, որովհետև եթե կառուցապատում չլինի, չեն աշխատի շինարարները, մենք էլ չենք իմանա՝ ումից առևտուր անենք»:
Իսկ այն հարցին, թե որքանո՞վ է արդարացի պատմական-մշակութային արժեքները քանդելու հաշվին աշխատատեղերի ստեղծումը, Պարգև Օհանյանն այսպես արձագանքեց. «Պատմական, ձեր կոչած` մշակութային, չգիտեմ ինչային արժեքը, իրենից ոչինչ չէր ներկայացնում: Ոչ մարդիկ էին գնում «Փակ շուկա»` առևտուր անում, ոչ զբոսաշրջիկները, ոչ էլ հետաքրքրված էին առևտրականները… ո՞ւմ է պետք այդ մեռած արժեքը»:
Մեր ճշտող հարցին, թե` ըստ Ձեզ` քաղաքական նպատակներո՞վ է օգտագործվում «Փակ շուկայի» պահպանման համար մղվող պայքարը, Պարգև Օհանյանը պատասխանեց, թե ենթադրում է, որ կարող է օգտագործվել, բայց շեշտեց, որ կարող է լինել նաև հակառակը: