Նիկոլ Փաշինյան. «Ո՞ւմ անունից է Սերժ Սարգսյանը որոշում կայացրել և հայտարարել»

«Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը Մաքսային միությանն անդամակցելու և Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու ցանկության վերաբերյալ ավելի շատ անորոշություն է առաջացրել, քան տվել հարցերի պատասխաններ»,- այսօր «Մարիոթ» հյուրանոցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի և «Կ. Ադենաուերի» անվան հիմնադրամի կազմակերպած քննարկմանն ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա անհասկանալի է համարեց Մաքսային միությանը տնտեսական իմաստով միանալու մասին ձևակերպումը: Ըստ նրա` քաղաքական իմաստով էլ շատ հարցեր մնում են բաց` ինչպիսի՞ ազդեցություն կունենա Մաքսային միության անդամակցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, և արդյոք Մաքսային միության անդամ երկրների ներքաղաքական միտումները չե՞ն տարածվի Հայաստանում:

«Մասնավորապես, նկատի ունեմ այն, որ Մաքսային միության անդամ երկրները վերջին 10 տարում կատարել են սահմանադրական այնպիսի փոփոխություններ, որոնք վերաբերվել են նախագահի կարգավիճակին. Ռուսաստանը նախագահի լիազորության ժամկետը 4 տարուց երկարացրել  է մինչև 6 տարի, իսկ Բելառուսն ու Ղազախստանն ընդհանրապես հանել են սահմանադրական այն դրույթը, որով սահմանվում էր, որ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում…

Ի դեպ, սեպտեմբերի 3-ի մոսկովյան այցից վերադառնալով` Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնող հանձնաժողով ձևավորելու մասին, և ոչ ոք թող չպնդի, թե կարող է կանխատեսել, թե ինչ առաջարկներով կարող է հանդես գալ այդ հանձնաժողովը: Չի բացառվում, որ միանալով Մաքսային միությանը` Սերժ Սարգսյանը հետապնդում է շատ կոնկրետ, որոշակի ներքաղաքական նպատակներ` սրանից բխող հարակից հետևանքներով»,-ասաց Փաշինյանը: Վերջինիս խոսքերով Մաքսային միության անդամակցելը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության և մասնավորապես` հարևաններ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների վրա, քանի որ վերջիններս հարաբերությունների բարդություններ ունեն աշխարհաքաղաքական կենտրոնների հետ:

Կարդացեք նաև

«Ինչպիսի՞ն են լինելու Եվրասիական միության ձևավորմանը մասնակցող Հայաստանի հարաբերությունները Չինաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ: Սրանք չափազանց կարևոր հարցեր են և մեր ընկալմամբ` առնչվում են Հայաստանի ինքնիշխանությանը, որովհետև Հայաստանի ինքնիշխանության կարևորագույն բանաձևերից մեկը դիվերսիֆիկացված արտաքին հարաբերություններն են և հարաբերությունների հարաճուն սերտացումը ռազմավարական հարևանների հետ: Արտաքին քաղաքական հարաբերությունների նժարներից որևէ մեկի անհամաչափ գերակշռումը մյուսների նկատմամբ ուղղակի վտանգ է ստեղծում Հայաստանի ինքնիշխանության համար, իսկ ինքնիշխանության պաշտպանությունը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի թիվ մեկ խնդիրը: Չի կարող լինել արտաքին քաղաքականություն` ի հաշիվ ինքնիշխանության: Մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունն անսակարկելի արժեք է, և դա արձանագրված է ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածում, որն, ի դեպ, ենթակա չէ փոփոխման»,- շարունակեց նա:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը խոսեց իր կողմից նախաձեռնված և ձևավորման փուլում գտնվող Քաղաքացիական պայմանագրի մասին, որի կետերից մեկում, ըստ նրա, կա հետևյալ ձևակերպումը. «Քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հարցը, Հայաստանը չպետք է դիտարկի ո´չ Եվրոպական միությանը, ո´չ Եվրասիական միությանն անդամագրվելու հարցը»:

«Սա մեզ համար սկզբունք է, և ինչպես հասկանալի դարձավ, մենք կտրականապես դեմ ենք անդամակցությանը ինչպես Եվրասիական միությանը, այնպես էլ Եվրամիությանը»,- ասաց Փաշինյանը: Սրա պատճառն, ըստ նրա, այն է, որ պետությունների միավորման կազմում հայտնվելը նշանակում է ունենալ միասնական սահման միավորված մյուս պետությունների հետ, և եթե Հայաստանը ստանա նման կարգավիճակ, Ղարաբաղը կարող է հայտնվել Հայաստանի փակ սահմաններից այն կողմ:

« Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը, բնականաբար, միանշանակ չի ընդունվել Հայաստանում, և սրա համար կան բազմաթիվ պատճառներ: Դրանցից առանցքայինը բացատրվում է հետևյալ շեշտադրման մեջ` ո՞ւմ անունից է Սերժ Սարգսյանը որոշում կայացրել և հայտարարել: Արդեն իսկ հայտնի ձևակերպումն այն է, որ Սահմանադրության մեխանիզմների նենգափոխմամբ իշխանության հասած անձը չի կարող կայացնել սահմանադրորեն սահմանված լիազորություններ: Համաձայնելով սրա հետ` ուզում եմ անել բոլորովին ուրիշ մի շեշտադրում` եթե այսօր Սերժ Սարգսյանը լիներ բոլորովին լեգիտիմ նախագահ` այսօրվա Հայաստանում, կարո՞ղ էր արդյոք Հայաստանի պետականության կարգավիճակը փոխելու հեռանկար ունեցող որոշում կայացնել: Իմ միանշանակ պատասխանն է` ո´չ, որովհետև Հայաստանի սահմանադրության համաձայն ՀՀ-ն, որպես անկախ պետություն, հիմնադրվել է և հաստատվել համայն հայ ժողովրդի անունից: Այսօր Հայաստանում ապրում, Հայաստանի քաղաքական կյանքին և ընտրությունների մասնակցում է հայ ժողովրդի չափազանց փոքր մասը, և այդօրինակ որոշումների լիազորությունները պատկանում է համայն հայ ժողովրդին` որպես Հայաստանի Հանրապետության փայատեր և շահառու: Բայց երբ փորձում ենք հարցի քննարկումը տեղավորել, այսպես ասած, համահայկական քննարկման տիրույթում, բախվում ենք մի զարմանալի բարդության հետ. այդ պարագայում ստիպված ենք արձանագրել հայկական կամքի կենտրոնի բացակայության փաստը:

ԱՄՆ-ի հայությունը խնդիրներն ընկալում է սեփական միջավայրի, Ռուսաստանի հայությունը` սեփական, Արաբական աշխարհի հայությունն էլ` սեփական միջավայրի ազդեցությունների պայմաններում: Իսկ հայաստանցիներն էլ զարմանալիորեն դարձել են այդ բոլոր ազդեցությունների միաժամանակյա կրողը, որովհետև ուղիղ թելերով կապված ենք այդ միջավայրերի հետ: Որևէ կասկած չկա` Հայաստանի Հանրապետությունը հենց այն ինստիտուտն է, որի ձևաչափում պիտի կայացվեն կամ մերժվեն այս կամ այսօրինակ որոշումները: Բայց եթե արտահայտվենք ինստիտուցիոնալ լեզվով` այսօր ՀՀ-ում չկա քվորում` նմանատիպ հարցեր քննարկելու համար` արդեն իսկ ձեզ հայտնի արտագաղթի և այլ երևույթների պատճառով:

Ուստի` Հայաստանի որոշումները չեն ընկալվում որպես հայկական որոշումներ: Սա, մեծ հաշվով, մի իրավիճակ է, որը ձևավորվել է հայկական պետականության նկատմամբ ենթադրվող մի դավադրության արդյունքում, և ամեն ինչ արված է, որ Հայաստանը, նրա ժողովուրդը ստիպված լինեն մտովի կամ ֆիզիկապես դեգերել Արևելքում, Արևմուտքում, Հյուսիսում և Հարավում` այդպես էլ ձեռնամուխ չլինելով գործողություններից ամենակարևորին` ինքնահայեցմանը…

Տիկնայք և պարոնայք, այսօրվա քննարկումը վերնագրված է «Հայաստանի նոր ընտրությունը»:

Սակայն չեմ կարծում, թե տեղի է ունեցել այնպիսի ընտրություն, որը կարելի է վերագրել Հայաստանին: Ցավոք, Հայաստանն այսօր այն վիճակում չէ, որ կարողանա ընտրություն կատարել, և պնդումները, թե ինչ-որ ուժերի նպատակը հենց սա էր, երբեմն չափազանց հիմնավոր են թվում: Նրանց խնդիրն է Հայաստանը զրկել ընտրությունից, ընտրության հնարավորությունից: Ըստ այդմ` մեր նպատակը պետք է լինի ուղիղ հակառակը: Շնորհակալություն»,- իր ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս