ԱՄՆ-ն ու Ռուսաստանն առաջատար են իրենց տարածքում բնակվող ներգաղթյալների քանակով. ՄԱԿ
Newsru.com-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն իր տարածքում բնակվող ներգաղթյալների ցուցանիշով զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում: Այս մասին նշված է ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական հարցերով դեպարտամենտի կողմից երեկ հրապարակված զեկույցում:
Դրանում նշված է, որ ներգաղթյալների բանակի ամենակտրուկ աճ է նկատվում Ասիայում, իսկ ԱՄՆ-ը նախկինի նման շարունակում է նրանց համար հանդիսանալ ամենագրավիչ երկիրը: Փաստաթղթում նշված է, որ աշխարհում ներգաղթյալների քանակը կազմում է 232 միլիոն մարդ՝ Երկրագնդի բնակչության 3.2 տոկոսը:
Զեկույցի տվյալներով՝ Եվրոպայում ու Ասիայում ներգաղթյալների քանակը գրեթե հավասար է՝ համապատասխանաբար 72 և 71 միլիոն մարդ: Այդ տարածաշրջաններին է բաժին ընկնում միջազգային ներգաղթյալների 2/3-ը: 2000 թվականից սկսած՝ Ասիայում այլ երկրներից ժամանած ներգաղթյալների քանակն աճել է 20 միլիոնով:
Միջազգային ներգաղթյալները հիմնականում կենտրոնացած են 10 երկրում. ԱՄՆ՝ 45.8 միլիոն, Ռուսաստան՝ 11 միլիոն, Գերմանիա՝ 9.8 միլիոն, Սաուդյան Արաբիա՝ 9.1 միլիոն, ԱՄԷ-ն՝ 7.8 միլիոն, Մեծ Բրիտանիան՝ 7.8 միլիոն, Ֆրանսիան՝ 7.4 միլիոն, Կանադա՝ 7.3 միլիոն, Ավստրալիա՝ 6.5 միլիոն, և Իսպանիա՝ 6.5 միլիոն մարդ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ներգաղթյալների ամենամեծ հոսքերը գրանցվել են ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին: Ռուսաստանում ներգաղթյալների խնդիրը սրվել է հատկապես վերջին տարիներին: Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2012 թվականին Ռուսաստանի տարածք է մուտք գործել 15.880.000 մարդ, ընդ որում՝ աշխատանքի թույլտվություն է ստացել նրանցից միայն 1.340.000-ը:
2011 թվականի ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 13.800.000 մարդ և 1.190.000 մարդ: 2013 թվականի առաջին կիսամյակին Ռուսաստան է մուտք գործել մոտ 10 միլիոն ներգաղթյալ: Ներգաղթի աճը կազմել է 12 տոկոս (վերջին 4 տարում՝ 37 տոկոս): Ընդ որում, երկրում մշտապես ապրում է միայն 800.000 օտարազգի:
Դրա հետ կապված՝ որոշվել է, որ 2015 թվականի հունվարի 1-ից մերձակա երկրների քաղաքացիները կարող են Ռուսաստան մուտք գործել միայն արտասահմանյան անձնագրերով: Ընդ որում, նոր կանոնը չի գործի Մաքսային միության անդամ երկրների քաղաքացիների հանդեպ: