Հայաստանը դեռևս ասոցացման իմիտացիա է ստեղծում

Երեկ խորհրդարանի և կառավարության հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները փորձում էին հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ Հայաստանը չորս տարի բանակցելով Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի շուրջ, դրա ստորագրումից ընդամենը երկուսուկես ամիս առաջ որոշում կայացրեց անդամակցել Մաքսային միությանը: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նույնիսկ շատ կոնկրետ հարց ուղղեց ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին, թե ինչպե՞ս բացատրել, որ չորս ամիս առաջ ձևավորված կառավարությունը ԱԺ-ի հաստատմանն է բերել մի ծրագիր, որտեղ խոսվում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու մասին և խոսք անգամ չկա Մաքսային միություն մտնելու մասին, իսկ հիմա շեղվելով այդ ծրագրից` կառավարությունը Մաքսային միությանը անդամագրվելու քաղաքականություն է իրականացնում:

Էդուարդ Նալբանդյանը, որ իր մասին խոսում էր երրորդ դեմքով, գրեթե միշտ կրկնելով «ՀՀ արտգործնախարարը» արտահայտությունը, հայտարարեց, որ ծրագրի փոփոխություն չի եղել, այլ եղել է ընդամենը շտկում. նախկինում համարվում էր, որ Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու համար կան խոչընդոտներ, հետագայում եղան շտկումներ: Ալեքսանդր Արզումանյանն էլ նկատեց, որ այդպիսի շտկումների պարագայում կառավարությունը պետք է նոր ծրագիր կազմեր և այն ներկայացներ ԱԺ հաստատմանը կամ պետք է հրաժարական տար, որից հետո կձևավորվեր նոր կառավարություն, որն էլ կիրականացներ նոր ծրագիրը:

Էդուարդ Նալբանդյանը հստակ պատասխան չտվեց նաև այն հարցին, թե ի վերջո Հայաստանը մասնակցելո՞ւ է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների հավաքին և այնտեղ որևէ փաստաթուղթ ստորագրելո՞ւ է, թե ոչ: ԱԳ նախարարը միայն շատ ընդհանուր կերպով հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է շարունակել բոլոր ձևաչափերով իր հարաբերությունները զարգացնել, սերտացնել, խորացնել Եվրամիության հետ, որքանով որ դա ԵՄ-ն հնարավոր կհամարի, և որքանով որ չի հակասի Մաքսային միության մտնելու Հայաստանի որոշմանը:

Իրականում Հայաստանի ԱԳ նախարարը և որևէ հայ պաշտոնյա չգիտի` Հայաստանը հրավիրվելո՞ւ է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողվին, թե ոչ: Առայժմ եղած տեղեկատվությունը հիմք է տալիս մտածել, որ Հայաստանը չի մասնակցելու այդ միջոցառմանը, բայց Հայաստանը չի կորցնում հույսը եվրոպացիներին հակառակում համոզելու համար:

Կարդացեք նաև

Մեր տեղեկություններով, Էդուարդ Նալբանդյանը Եվրամիության պաշտոնյաների և ԵՄ առանձին երկրների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ փորձում է համոզել, որ Հայաստանին հնարավորություն տրվի մասնացել վիլնյուսյան գագաթաժողովին և այնտեղ դեկլարատիվ փաստաթուղթ ստորագրել: Այդ փաստաթուղթը որևէ լուրջ բովանդակություն չի ունենալու և որևէ կերպ չի հակասելու Մաքսային միություն մտնելուն:

Այնտեղ լինելու են ընդհանուր ձևակերպումներ՝ մարդու հիմարար իրավունքներն ու ազատությունները հարգելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, մամուլի ազատությունը երաշխավորելու, ավելի արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու Հայաստանի իշխանությունների հանձնառության մասին:
Այսպիսի փաստաթղթի ստորագրումը Հայաստանի իշխանությանը հնարավորություն կտա հայտարարել, որ Հայաստանը հավատարիմ է իր կողմից հռչակված արտաքին քաղաքական կուրսին, որը կոչվում է «և-և»-ի քաղաքականություն: Որովհետև, եթե ԵՄ-ի հետ որևէ փաստաթուղթ «չտորագրվի» և Հայաստանը միանա միայն Մաքսային միությանը, բոլորի համար պարզ կդառնա, որ «և-և»-ը դարձել է «կամ-կամ»: Ավելի պարզ ասած, կստացվի, որ Հայաստանը ոչ թե ինքն է արտաքին քաղաքականություն մշակում և իրականացնում, այլ այն պարտադրվում է:

Հայաստանի իշխանությունների՝ ԵՄ-ից նման փաստաթուղթ ստորագրելու համաձայնություն պոկելու քաղաքականությունը առայժմ լուրջ հաջողություն չի ունենում: Ճիշտ է, առաջիկա օրերին Հայաստանում են հավաքվելու Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարները, իսկ ավելի ուշ նաև կրթության ոլորտի պատասխանատուները, ինչը Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին հնարավորություն է տալու հայտարարել, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա, բայց իրականում այս երկու միջոցառումներն էլ նախատեսված են եղել մինչև Հայաստանի հրապարակային որոշումը` միանալ Մաքսային միությանը: Օրինակ, ԱԳ նախարարների հանդիպման մասին որոշվել է դեռևս երկու ամիս առաջ՝ Բրյուսելում ԵՄ և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հավաքի ժամանակ:

Բրյուսելում երևի համարել են, որ Երևանյան հավաքը չեղյալ հայտարարելը կամ այն Արևելյան գործընկերության որևէ այլ մայրաքաղաք տեղափոխելը կնշանակեր դիվանագիտական դեմարշ և Հայաստանի հետ որևէ կարգի հարաբերության դադարեցում: Բայցի այդ, եվրոպացի պաշտոնյաները չեն ցանկանում ընդունել, որ Հայաստանի եվրոինտեգրման քաղաքականությունը տապալվել է: Ամեն մի տապալում պետք է ունենա իր պատասխանատուները և հետևանքները: Պարզ է, որ որևէ մեկը չի ցանկանում իր վրա վերցնել այդ տապալման պատասխանատվությունը:

Բայց մյուս կողմից` եվրոպացիները հասկանում են, որ չորս տարի Հայաստանի իշխանություններին հաջողվել է իրենց հետ «խաղալ», և եթե հիմա հնարավորություն են տալիս Հայաստանին մասնակցել Վիլնյուսի գագաթաժողովին, ոչինչ չասող, փաստաթուղթ ստորագրել և եվրոինտեգրման իմիտացիա ստեղծել, ապա ստացվում է, որ «խաղալու» քաղաքականությունը հաջողությամբ շարունակվում է:
Եվրոպացիները ի սկզբանե հայտարարել են, որ իրենք դեմ են «և-և»-ին, և քիչ հավանական է, որ հայկական դիվանագիտությանը կհաջողվի եվրոպական երկրների առաջնորդներին մանիպուլյացիայի ենթարկել: Միակ բանը, որ հնարավոր է համարվում այս պահին, այն է, որ Հայաստանի ներկայացուցիչը մասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին, սակայն առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու հնարավորության:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս