Ընթացիկ վերականգնողական աշխատանքները Ամուլսարում (տեսանյութ)
Ընթացիկ վերականգնողական և բնապահպանական միջոցառումները պատասխանատու հանքարդյունաբերական ծրագրի կարևորագույն մասն են: Գեոթիմ ընկերությունը Ամուլսարում որոնողահետախուզական աշխատանքներ է իրականացնում 2006 թվականից: Հավատարիմ լինելով Ամուլսարի ծրագիրը միջազգային ամենաբարձր չափանիշներով իրականացնելու և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պահանջներին համապատասխանելու պարտավորությանը, ընկերությունը Ամուլսարում իրականացնում է ընթացիկ վերականգնողական աշխատանքներ:
Այն տարածքները, որոնք հետագայում այլևս չեն օգտագործվելու հանքի շահագործման, ենթակառուցվածքների տեղադրման և այլ տեխնիկական նպատակներով, բայց օգտագործվել են որոնողահետախուզական աշխատանքների ընթացքում, արդեն այսօր վերականգնվում են և վերակուլտիվացվում: 2013թ. սեպտեմբերի 3-ին, վերականգնման աշխատանքների վերահսկման նպատակով Ամուլսար այցելած ՎԶԵԲ բնապահպանական մասնագետը եզրակացրել է, որ Լիդիանը և Գեոթիմը հսկայական ջանք են գործադրել որոնողահետախուզական աշխատանքների հետևանքով փոփոխության ենթարկված տեղանքը վերականգնելու և վերակուլտիվացնելու ուղղությամբ: Վերականգնվել են այն տեղանքները, որտեղ նախկինում բացվել են ճանապարհներ, կամ արվել են հորատանցքեր, որոնք այլևս չեն օգտագործվելու:
ՎԶԵԲ մասնագետը նաև ընդգծել է, որ Լիդիանը զգալիորեն բարելավել է ջրահեռացումը ճանապարհներից և հետագայում օգտագործվելիք այլ տեղանքներից, ինչը կանխարգելում է ձնհալի և անձրևաջրերի պատճառով էրոզիայի վտանգը:
Դրական է գնահատվել հատկապես այն հանգամանքը, որ աշխատանքների մեծ մասը իրականացվում է շրջակա համայնքներում բնակվող աշխատակիցների կողմից, որոնք զբաղված են ամենատարբեր վերականգնողական աշխատանքներում, այդ թվում և աշխատում են ծանր տեխնիկայի վրա:
Բացի վերականգնողական և վերակուլտիվացիոն աշխատանքներից, ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը ընդգծել է նաև աղբի և կենցաղային թափոնների կառավարման կարևորությունը, որ Գեոթիմն իրականացնում է միջազգային լավագույն չափանիշներով: Խոսքը մասնավորապես պլաստիկի, մետաղի, ապակու և թղթի տարանջատման մասին է, դրանք հնարավորինս շատ օգտագործելու և վերամշակելու նպատակով: ՎԶԵԲ ներկայացուցիչը հայտնել է, որ տպավորված է արված աշխատանքներով և այն հանգամանքով, որ ավելի քան 35 աշխատակից զբաղված է միայն վերականգնողական և բնապահպանական աշխատանքներով: