
Հոկտեմբերի կեսին ԵՄ-ը գնահատական կտա Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի կեսին Թբիլիսի է ժամանելու ԵՄ-ի առաքելությունը՝ գնահատական տալու համար ԵՄ-ի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման պլանի իրագործման ընթացքին:
Վրաստանի ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵՄ-ի շտաբ-բնակարանում՝ Վրաստանի փոխարտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի և Եվրահանձնաժողովի՝ ներքին հարցերով գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիզիի հանդիպման ժամանակ:
Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են, որ ԵՄ-ի առաքելության վրացական այցը պետք է տեղի ունենա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի նախաշեմին: Կողմերը քննարկել են նաև Վրաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցության հետագա զարգացման հարցը: