Նախարարությունում մտահոգված են, իսկ հազվագյուտ կենդանիների սպանդը շարունակվում է
Արդեն 4-րդ օրն է, ինչ համացանցում տեսանյութ է շրջանառում, որտեղ բացահայտ երևում է, թե ինչպես են անգլիախոս կինն ու տղամարդը հայկական մուֆլոն որսում հայաստանյան լեռներում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
vimeo.com կայքում ոմն Լարի Նոուլտոնի կողմից տեղադրված ավելի քան 1 ժամանոց տեսանյութում մանրամասն նկարահանված է ոչ միայն որսի հատվածը, այլև նրանց ճանապարհը լեռնային տեղանքով, մինչև որսատեղի:
Տեսանյութում հստակ երևում է, որ նրանց առաջնորդում և «Վիլիս» ավտոմեքենայով տեղափոխում են 2 հայ տղամարդ: Երևում է նաև ավտոմեքենայի պետհամարանիշը, որն, ամենայն հավանականությամբ, պատկանում է պետական որևէ գերատեսչության:
Հիշեցնենք, որ հայկական մուֆլոնը համարվում է անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակ և գտնվում է պետության հատուկ պահպանության ներքո: Այն գրանցված է նաև հայաստանյան Կարմիր գրքում:
Մի քանի օր շարունակ համացանցում առկա այդ տեսանյութին այսօր արձագանքել է նաև Հայաստանի բնապահպանության նախարարությունը՝ իր «մտահոգությունը» հայտնելով և խոստանալով, որ «կձեռնարկի համապատասխան միջոցներ համացանցում հայտնված տեսանյութում առկա իրողությունների մեղավորներին բացահայտելու ուղղությամբ»:
Պատասխանատու գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.«Կիրակի օրը համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես արտասահմանցի մի քանի քաղաքացիներ որս են անում Հայաստանի տարածքներում: Տեսանյութը փաստում է, որ որսի արդյունքում սպանվել են Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ»:
Նախարարությունը նաև պաշտոնապես տեղեկացնում է, որ «նախապատրաստել է համապատասխան նյութեր և այսօր դիմել է իրավապահ մարմիններին՝ նրանց փոխանցելով տեսանյութը»: «Կձեռնարկվեն նաև հնարավոր բոլոր միջոցները՝ տեսանյութում տեղ գտած իրողությունների վաղեմությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Ի դեպ, այն մասին, որ Հայաստանում Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի այս դեպքը եզակի և աննախադեպ չէ, արդեն փաստ է:
Շատ ավելի տարօրինակն այն է, որ այս մասին նախարարությունում տեղեկանում և դրան արձագանքում են բավական ուշացումով, երբ համացանցում շրջանառող տեսանյութի բովանդակությունն արդեն նույնիսկ սոցիալական ցանցերում քննարկման առարկա է դարձել:
Ի դեպ, բացի այս մասնավոր նկարահանված տեսանյութից, համացանցում նաև որսորդության կազմակերպմամբ զբաղվող «Հանթինգ կոնսորցիում» կազմակերպության պաշտոնական կայք կա, որտեղ Հայաստանը ներկայացված է որպես հազվագյուտ կենդանիների որսատեղի: Ընկերության՝ Հայաստանին նվիրված http://www.huntingconsortium.com/asia-armenia.htm էլեկտրոնային կայքէջում, որպես որսալու համար նախատեսված կենդանիներ նշված են հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, վայրի խոզ, այծյամ, արջ և այլ կենդանատեսակներ:
Սա վկայում է, որ համացանցում տարածված տեսանյութի հեղինակների և հերոսների հանցավոր նպատակով այցելությունը մեր երկիր, թերևս, պատահականություն չէ: Սրանով է, անեմանայն հավանականությամբ, բացատրվում նաև այն, որ որսագողերը, ոչ միայն չեն թաքցրել իրենց ով լինելը, այլև բացահայտել են դա ի լուր աշխարհի: Իսկ նրանց հայ ուղեկցորդները, երևի թե չեն էլ զգուշացրել, որ իրենց գործողություններն օրենքով արգելված են մեր երկրում:
Տեսանյութը այստեղ՝