Գագիկ Խաչատրյանն ազատ է արձակվել՝ անձնական երաշխավորությամբ
pastinfo.am –ի փոխանցմամբ` Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվել է, և նա անձնական երաշխավորությամբ ազատ է արձակվել: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Գ.Խաչատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 6-ի որոշմամբ, Գ.Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Դատարանն այն ժամանակ մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը կալանավորման փոխարեն գրավ կիրառելու մասին: Պաշտպանական կողմը երեկ դիմել էր Երեւան քաղաքի դատախազություն` կալանավորումը վերացնելու ու անձնական երաշխավորությամբ Գ.Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությամբ, ինչը բավարարվել է: Գ.Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն: Նկատենք, որ եթե Գ.Խաչատրյանը երեկ ազատ է արձակվել, ապա նրա պետը` Արմեն Մովսիսյանը, ձերբակալվել է` մի խումբ անձանց հետ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: