Բաժիններ՝

Ինտերակտիվ ներկայացում՝ նվիրված կանանց իրավունքներին

168.am-ն արդեն պատմել է «Փոփոխությունների թատրոնի» գործունեության, խաղացանկի և ինտերակտիվ թատրոնի էության մասին: Այս անգամ թատրոնին անդրադարձ կատարելը պայմանավորված է սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանի չորս մարզերում սպասվելիք ինտերակտիվ ներկայացումներով:

Մեզ հետ զրույցում «Փոփոխությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանն ասում է, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի փոքր քաղաքներում ցուցադրվելու է «Ծիածանի գործով աննախադեպ դատավարություն» ներկայացումը, որն անցյալ տարի է բեմադրվել:

Hayk-tatron1

«Այս  ներկայացումը, որը նվիրված է կանանց իրավունքներին, կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, Երևանում բազմիցս ցուցադրվել է և բավական հաջող ընդունվել: Այժմ որոշել ենք այն ներկայացնել չորս այն մարզերում, որտեղ այս խնդիրն ամենացավոտ վիճակում է: Ըստ ՄԱԿ-ի բնակչության կողմից անցկացված հետազոտության` այդ մարզերն են Արագածոտնը, Արմավիրը, Գեղարքունիքը և Շիրակը: Մենք փորձում ենք փոքր քաղաքներ այցելել, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի դեպքում ոչ թե Գավառ, այլ Ճամբարակ, Արմավիրի դեպքում` ոչ թե Արմավիր, այլ Մեծամոր, և այլն»,-մեզ հետ զրույցում ասաց Հայկն ու հավելեց, որ թատրոնի ստեղծման ժամանակից ի վեր իրենք շատ ակտիվ ձևով փորձում են իրենց ծրագրերում մարզերը ևս ներգրավել:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ինտերակտիվ ներկայացումների ժամանակ մարզերի բնակիչները որքանո՞վ են ակտիվ, թատրոնի գեղարվեստական ղեկավարը պատասխանեց. «Այդ խնդիրը մեզ համար վաղուց լուծվել է: Սկզբում, երբ թվում էր, որ ինտերակտիվության ապահովման առումով մենք, հնարավոր է, խնդիրներ ունենանք, այսինքն` մարզերի բնակիչները կամաչեն, կկոմպլեքսավորվեն և այլն, որքան էլ զարմանալի է, բացարձակ այդպես չի եղել: Ե՛վ մարզերում, և՛ Երևանում նման խնդիր չկա: Իհարկե, կան մարդիկ, ովքեր ամաչկոտ են, խուսափում են արտահայտվելուց, բայց շատերը պատրաստ են բարձրանալ բեմ, խոսել, իրենց կարծիքն արտահայտել, խաղի մեջ մտնել…»:

Hayk-tatron

Մարզերում սպասվելիք ներկայացումների ողջ կազմակերպչական հարցերը լուծել է թատրոնի անձնակազմը, իսկ ֆինանսավորումը կատարվել է տարբեր աղբյուրներից:

Հայկի խոսքով` իրենց ծրագրերը հիմնականում ֆինանսավորվում են դրամաշնորհային սկզբունքով. «Մենք ինքներս ենք փնտրում, երբեմն էլ մեզ են դիմում ու եթե մեր հայացքները համընկնում ենք, համաձայնվում ենք: Պատահում են դեպքեր, երբ դրսի հայերի օժանդակությամբ է ֆինանսավորում հատկացվում: Ներսից, ցավոք սրտի, այդքան մեծ աջակցություն չկա»:

Ավելացնենք, որ «Փոփոխությունների թատրոնը» մարզային այցելություններից հետո կվերսկսի երևանյան ցուցադրությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս