Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյան (Ամարասի Արթուր). Բաց նամակ Եռաբլուրից

Հայաստանյան տարբեր ԶԼՄ-ներում վերջերս մի շարք հրապարակումներ եղան, որոնցում Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) Վազգեն Սարգսյանի գործունեությունը ոչ միանշանակ դիրքերից, փոքր-ինչ քննադատաբար վերագնահատելուց հետո, արժանացավ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի և այլոց բուռն, երբեմն չափից դուրս վիրավորական արձագանքներին:

Երկրի պաշտպանությանը մասնակցած շատ անձանց վերջին շրջանում հուզում է նաև իրենց սոցիալական վիճակի և պետության կողմից համապատասխան վերաբերմունքի բացակայության խնդիրը: Բանը հասավ նույնիսկ ազատամարտիկների բողոքի միջոցառումներին, Երևանում և այլուր փողոց ու հրապարակ դուրս գալուն: Անշուշտ, ցավալի է վերը նշվածը, ու պետք է համապատասխան հետևություններ կատարել:
Արցախյան պատերազմի հերոս, ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) ուրույն տեսակետ ունի այս ամենի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք Արթուր Ալեքսանյանի` Nyut.am-ին տրամադրած հոդվածը, որը նա վերնագրել է «Բաց նամակ Եռաբլուրից»:

Ես կարծում եմ, որ չի կարելի դատապարտել պատմությունը, այլ պետք է պատմությունից դասեր քաղել: Առավել ևս չի կարելի դատապարտել մարդկանց, որոնք ֆիզիկապես չեն կարող պատասխանել քեզ:

Գոյություն ունեն շատ կարևոր և անհերքելի փաստեր. սա համահայկական հաղթանակ է Արցախյան պատերազմում` բոլոր հայերի վաստակը, այլ ոչ թե` կոնկրետ անձանց:

Կոմանդոսի և Դալիբալթայանի միջև կատարվողը, որն արտահայտվում է տարբեր ԶԼՄ-ների հրապարակումներում, ազատամարտիկների բողոքի ակցիաները, որոնք իրականացվում են փողոցներում և հրապարակներում, փոխկապակցված են: Մեզ մոտ խարխլվել են ամենակարևոր արժեքները, նախևառաջ, բարոյական առումով: Մինչև հիմա չունենք ազատամարտիկների մասին օրենք, օրենսդրական հարթությունում դեռ չի տրվել կամավոր ջոկատների վաստակի և հաղթողների պատմական գնահատականը: Կարծում եմ, այդ է պատճառը, որ ամեն ոք ուզում է ինքնահաստատվել և աղաղակել իր վաստակի մասին, ինչը, թերևս, զուտ մարդկային գիծ է: Առավել ևս հիմա, երբ հայրենիքին մեծ ծառայություն մատուցած շատ-շատերը չունեն ոչինչ առավել, քան սեփական պարգևներն ու մեդալները:
Այն ժամանակ դեռ հեշտ էր, միայն երեխաներն էին, և մարդիկ մի կերպ դիմանում էին, իսկ հիմա` թոռներ, ծոռներ… Նրանց նույնպես պետք է կերակրել, բայց ինչպե՞ս… Այս ոլորտում մեզ մոտ ամեն ինչ չէ, որ հարթ է:

Թշնամու հանդեպ մարտի դաշտում մեր ձեռք բերած պատմական արդարությունը և վաստակած փառքը, կարծես մեր բախտից, մեռան «սրտի կաթվածից»: Մենք մեր ժողովրդի հետ կարծես նորից հայտնվեցինք կոտրած տաշտակի առջև` առանց աշխատանքի, պետության և գործարար աշխարհի կողմից անտարբերության մատնված, և ամենակարևորը` առանց հույսի: Գոնե օրենքով պատշաճ երաշխավորված լինեին ազատամարտիկների նվազագույն բարեկեցությունը, սոցիալական տարբեր ծառայություններից օգտվելու մատչելիությունը:
Այս ամենը լուրջ կորուստների պատճառ հանդիսացավ մեզ և մեր հայրենակիցների համար: Ցավոք, բացակայում են արդարությունը և բոլոր օրինախախտների համար պատժի անխուսափելիությունը: Մինչդեռ, արդարությունն ամենամեծ զենքն է ազգի անվտանգության և զինված ուժերի համար: Հենց արդարությունն է ամենակարևոր գրավականը, որ պետության հանդեպ զինվորի հավատը լինի աներեր, մարտական ոգին` անկոտրում: Մի առիթով ասել և կրկնում եմ` բանակի հզորությունը, կարողությունները մեծապես պայմանավորված են արդարությամբ, ազգի բարոյահոգեբանական վիճակով ու դրանցից բխող երկրի տնտեսական կացությամբ ու ներուժով: Եթե Հայաստանի քաղաքացին ուրախ ու հպարտ չլինի Հայաստանում ապրելով, եթե չցանկանալով հարկեր տա և փորձի խուսափել դրանցից, եթե իր զավակին ուրախությամբ, սիրով չճանապարհի բանակ, այդ բանակը չի կարող մարտունակ լինել: Բոլորս ենք ականատես եղել, թե ինչպես մթի և սովի տարիներին, առանց բավարար քանակի զենքի և զինվորականների, կարողացանք հաղթել խորհրդային կանոնավոր բանակի զինվորներին և ադրբեջանական ու թուրքական ջոկատներին:

Իսկ հիմա արդարություն չկա, և սա է այն հիմնական պատճառը, որը ծնում է սոցիալական խնդիրներ, այլ ոչ թե այն իրողությունը, որ գտնվում ենք շրջափակման մեջ, չունենք ծով, նավթ: Պատերազմի տարիներին նույնպես չունեինք այս ամենը, սակայն մենք հաղթեցինք, քանզի կար հավատ դեպի ապագան, իսկ արդարությունն ավելին էր, քան այսօր:

Կոմանդոսը, Դալիբալթայանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն իրականացրել են իրենց հայրենասիրական պարտքը՝ ղեկավարելով այն պատերազմի ընթացքը, որը հաղթանակով պսակվեց:
Ամենացավալին այն չէ, ինչ ասել են Կոմանդոսն ու Դալիբալթայանը, այլ այն, որ այսօր փողոց ու հրապարակ բողոքելու են դուրս եկել քաղցած ու չգնահատված ազատամարտիկներ: Ինձ թվում է, որ նրանց պայքարին պետք է միանան Կոմանդոսն ու Դալիբալթայանը, պայքարեն նրանց իրավունքների համար, պայքարեն իրենց հերոսների, զինակիցների համար, որոնք այսօր իրենց հրամանատարների կարիքը միգուցե ավելի ունեն, քան պատերազմի ժամանակ: Կոմանդոսին ու Դալիբալթայանին, ցավոք, նույնպես չեն լսում, նրանց կարծիքը նույնպես հաշվի չի առնվում, քանի որ իշխանությունները նրանց վաղուց արդեն վերաբերվում են որպես թոշակառուների:

Կառավարությունում այժմ աշխատում են ղեկավարներ, որոնցից շատերը կարողանում են միայն մշակել բիզնես ծրագրեր և գումարներ հաշվել: Այդ պաշտոնյաները թվերի հետևում, ցավոք, մարդկանց չեն տեսնում: Նրանք, կարծես, կանաչ ակնոցի ետևից են նայում մեզ ու տեսնում որպես կանաչ վարունգներ:
Շատ ցավալի է, որ Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և մեր բանակի հիմնադիրներից մեկի պաշտոնավարության օրոք մեր հաղթանակը և շատ ազատամարտիկների հավատն ինչ-որ առումով կազմաքանդվում են, նրանք, մեր հերոսները ծանր վիճակում են հայտնվել:

Կարծում եմ, բանակի գերագույն գլխավոր հրամանատարը պետք է հուշի, թե ինչպես ուղղել երկուսի թույլ տված սխալներն ու վերացնել վեճի պատճառը:
Մենք՝ հրամանատարներս, միշտ ուղղորդվել ենք մի կարգախոսով՝ չկա վատ զինվոր, կա վատ հրամանատար, և ամբողջ պատասխանատվությունն ու խնդիրները վերցրել ենք մեզ վրա: Հենց այդպես էլ ստեղծվեց մեր ազգային կամավորական բանակը: Մեր մարտի դաշտերը, մարտական գործողությունների իրականացման վայրերը հանդիսանում էին բոլոր զինվորների դպրոցները:

Ես կհավաքեի նրանց բոլորին ինձ մոտ կամ ինքս կգնայի նրանց մոտ՝ խոսելու ի սրտե, քանի որ հիմա ամբողջ ազգի համար է դժվար, ոչ միայն նրանց համար: Վստահ եմ, որ նրանք կես խոսքից կհասկանային, ինչպես հասկացան մահապարտն ու երկրապահը, և բոլորը՝ մեկ մարդու պես, գնացին մահու բերան՝ մեր հայրենիքն ազատագրելու և հաղթանակի համար: Վստահ եմ, որ հենց նման կերպ կվարվեր սպարապետ Վազգեն Սարգսյանը, եթե կենդանի լիներ:

Հ. Գ. Կարծում եմ, որ այս հարցում նույն դիրքորոշումը պետք է ունենան նաև ԶԼՄ ներկայացուցիչները, որպեսզի կրակի վրա յուղ չլցնեն և չբարդացնեն խնդիրը, այլ օգնեն՝ ազգովի դուրս գալու այս իրավիճակից:
Ազատամարտիկներն են մեր պետականության և ազգի անկախության միակ երաշխիքը, հենց նրանք են Անկախ Հայաստանը:
Ես ձեզ խնդրում եմ` այս հարցում բարենպաստ դիրքորոշում և աջակցություն ցուցաբերել ձեր միակ կենդանի հերոսների, լեգենդների նկատմամբ:
Օգնե՛ք նրանց ձեր լուռ համաձայնությամբ և նրանք նորից կարթնանան: Չէ՞ որ այս ամենը այնքան շատ է պետք ձեզ, մեզ և բոլորին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս