Կարեն Կարապետյան. ՀՀ նախագահի հայտարարությունն ուղղակիորեն բխում է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնադրույթից

Tert.am–ը ԱԺ «Հանրապետական» պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ զրուցել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, դրա քաղաքական և տնտեսական կողմերի մասին։ Այն ներկայացնում ենք հատվածաբար.

– Պարոն Կարապետյան, Ձեզ համար որքանով էր անակնկալ ՀՀ նախագահի հայտարարությունը՝ Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշման մասին:

– Որևէ կերպ անակնկալ չէր ու չէր կարող լինել՝ մի քանի պատճառներով: Նախ՝ բնական է, որ նման որոշումները մեկ օրում չեն կայացվում, այլ երկարատև քննարկումների ու բանակցությունների արդյունք են: Երկրորդ՝ ՀՀ նախագահի հայտարարությունն ուղղակիորեն բխում է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնադրույթից, այն է՝ համապարփակ ու բազմավեկտոր համագործակցություն բոլոր հնարավոր գործընկերների հետ:

– Սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ Մաքսային միությանն անդամագրվելն ինքին նշանակում է Եվրոպայի հետ հարաբերությունների խզում կամ գոնե սառեցում:

Կարդացեք նաև

– Իմ խորին համոզմամբ, Մաքսային միությանն անդամակցումը որևէ կերպ չի ենթադրում Եվրոպայի հետ հարաբերությունների կամ համագործակցության սառեցում, առավել ևս՝ խզում: Ի վերջո, Հայաստանը Արևելյան գործընկերության անդամ է և, իմ կարծիքով շարունակելու են ասոցացման և երկխոսության գործընթացները՝ հատկապես հասարակական, քաղաքական ոլորտների կատարելագործման ու զարգացման, ժողովրդավարական գործընթացների կատարելագործման, ինչպես նաև արժեհամակարգերի ակտիվ փոխանակության տեսակետից: Մեր երկրի դիրքորոշումը հստակ է, և հստակորեն բխում է ՀՀ շահերից, կարծում եմ՝ ԵՄ դիրքորոշումը ևս պետք է շահագրգիռ լինի հարաբերությունների զարգացման ու խորացման հարցում, իսկ թե ինչ կարծիք ունեն առանձին եվրոպացի փորձագետներ կամ գործիչներ, իրենց իրավունքն է:

– Պարոն Կարապետյան, կարծիքներ են հնչում նաև, թե Հայաստանի վրա ՌԴ կողմից աննախադեպ ճնշումներ են եղել: Դուք այդ կարծիքին չե ՞ ք:

– Պետք է կարողանալ պարզ հաշվարկներ կատարել: Դրանք անիմաստ խոսակցություններ են, քանզի առաջին հերթին գործ ունենք ոչ թե պարտադրված քայլի, այլ սեփական երկրի շահերի ու անվտանգության խնդիրների պարզ հաշվարկների հետ: Ավելին, եթե նույնիսկ ընդունենք, որ Ռուսաստանն առավելապես քաղաքական շահեր ունի, ապա մեր շահերը թե՛ քաղաքական են, թե՛ տնտեսական և թե՛ ռազմական ու հիմքում ունեն ազգային անվտանգության խնդիրները: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ու բնականաբար ամեն ինչ պետք է արվի այդ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: Հիմա ինչպես եք պատկերացնում, որ ռազմական անվտանգության կոնկրետ համակարգի անդամ լինելով՝ Հայաստանը որոշեր մերժել այդ նույն համակարգի տնտեսական հատվածին ինտեգրումը: Այո, առկա էին ընդհանուր սահմանի բացակայության հետ կապված անհանգստություններ թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի կողմից, սակայն ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում գտնվել է լուծման օպտիմալ բանալին: Ի վերջո, մենք միշտ պետք է աչքի առջև ունենանք աշխարհաքաղաքական առկա իրավիճակը. պատերազմ տարածաշրջանում, հոխորտացող ու երկխոսության սկզբունքը մերժող Ադրբեջան, Հայաստանը շրջափակման մեջ պահող Թուրքիա և այլն: Ուրեմն, այս պարագայում առաջնային է դառնում ՀՀ և Արցախի անվտանգության խնդիրը, իսկ մնացյալ հարցերն ուղղակի ածանցվում են դրան:

Վերջապես որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ԵՄ-ն կամ եվրոպական, արևելյան այլ ուժային կենտրոններ ինչ գործիքներով կամ լծակներով էին այլընտրանք առաջարկելու և ապահովելու ՀՀ և Արցախի անվտանգությունը: Սակայն, նորից եմ կրկնում, սա ոչ մի կերպ չի նշանակում Եվրոպայի հետ հարաբերությունների խզում: Ընդհակառակը, հարկավոր է շարունակել հավասարակշռված քաղաքականությունը, խորացնել հարաբերությունները ոչ միայն եվրոպական, այլև այլ երկրների ու ուժային կենտրոնների հետ և վեկտորը չուղղել միայն մեկ երկրի կամ մեկ կազմակերպության կողմ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս