Ամբերդում ջրի վարձը կրկնակի թանկ է, քան հարևան համայնքներում
«Իբր եղած հարկերը շատ էինք կարողանում վճարել, հիմա էլ ոռոգման ջրի համար պետք է մի քանի անգամ թանկ վճարենք»,- բողոքում են Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչներն ու ավելացնում, որ չեն հասկանում, թե ինչու են ոռոգման ջրի համար իրենք ավելի թանկ վճարում, քան հարևան համայնքները:
Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ Ամբերդից ջրի վարձը մի քանի անգամ թանկ են պահանջում: Գյուղի 219 հեկտար ոռոգելի տարածքները կառավարությունը ճանաչել է գերնորմատիվային: Դա նշանակում է, որ այդ տնտեսություններից մեկ հեկտարի հաշվարկով գյուղացին պետք է վճարի 20,000 դրամով ավելի գումար: Գյուղացիները կառավարության այս որոշումը համարում են անհիմն ու սխալ: «Սա գյուղացուն թալանելու նոր ձև է, ուզում են մեր հաշվին հարստանալ»,- բարկանում են գյուղացիները:
Ամբերդին ոռոգման ջրով ապահովող «Խոյ» ջրօգտագործողների ընկերությունից հավաստիացնում են, թե որոշման մեջ անհիմն ոչինչ չկա: Ի տարբերություն հարևան գյուղերի՝ Ամբերդի գյուղատնտեսական նշանակության հողերը վատն են, քարքարոտ և ջուր շատ են կլանում: Հենց այդ պատճառով են Ամբերդում ջրի վարձ շատ են վճարում: «Ի՞նչ քար, ի՞նչ բան: Մեր տարածքի հողերի մեծ մասը սևահող է, էդ որտե՞ղ են քարքարոտ հատվածներ գտել, որ նման որոշում են կայացնում»,- զայրացած հակադարձում են գյուղացիները:
Ամբերդցիները հավաստիացնում են, որ մինչ նման որոշում կայացնելը նորմալ ուսումնասիրություն չի արվել, ու սխալի հետևանքով տուժում է ամբողջ համայնքը:
«Ինչ ուզում են ու ոնց ուզում են՝ գրում են: Երկրի տերն էլ են իրենք, օրենքն էլ են իրենք, թուղթն էլ է իրենցը, պեչատն էլ: Մեր հաշվին «Խոյ»-ն («Խոյ» ջրօգտագործողների ընկերությունը,-Հ.Հ.) ուզում է գումար աշխատել, էդքան բան»,- ասում է ամբերդցի Ռազմիկը:
«Խոյ» ՋՕԸ-ի ղեկավար Սեյրան Սարգսյանն էլ զայրանում է. հնարավո՞ր է, որ մարդիկ էդքան անտեղյակ լինեն: «Եվս մեկ անգամ կրկնում ենք, ոչ թե ՋՕԸ-երն են հողի որակավարում տալիս, այլ գյուղնախարարության Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը: Հենց այդ կառույցի փորձագետներն էլ 2007 թվականին եկան, ուսումնասիրեցին Ամբերդի հողերն ու այն որակեցին որպես անորակ հող: Իսկ անորակ հող մշակելիս ջրի գերածախս է առաջանում: Հիմա կառավարությունն էլ պահանջում է, որ ջրի համար ավելի շատ վճարեն, չէ՞ որ ջրի կորուստ է տեղի ունենում»,- ասում է նա:
«Եկան, ասացին, որ հողի մեջ անցքեր կան, ու դրանք ջուրն ավելի շատ են կլանում: Բայց էդ սաղ սուտ ա: Հերս էլ է հողագործությամբ զբաղվել, պապս էլ, ես էլ: Էս գյուղում տղամարդկանց մեծ մասը հող է մշակում, բայց ոչ մեկը երբևէ նման խնդրի մասին չի ասել կամ իմացել: Էս ընդամենը գյուղացուց մի երկու կոպեկ ավել փող թալանելու ձև ա»,- ասում է բնակիչներից Պուշկինը` ավելացնելով, որ երբ կառավարության ներկայացուցիչներին խնդրել են ցույց տալ այդ անցքերը, ոչ ոք ցույց չի տվել:
«Կա՞ն, որ ցույց տան: Չկա՛ն: Որ էդքան մեծ անցքեր լինեին, որ ջուրը կլաներ, մենք էլ կտեսնեինք»,- ասում է նա: Ջրի վարձի թանկության պատճառով գյուղում տարեցտարի հողագործությամբ զբաղվողների թիվը նվազում է:
«Ես 6 հեկտար հող ունեմ, բայց էսօր մենակ մեկ հեկտարն եմ մշակում: Մինչև էս որոշումը, ցորենի արտը մեկ հեկտարը ջրելու համար վճարում էի մինչև 40000 դրամ, հիմա` 80,000 դրամ: Ես ինչի՞ տեր եմ կամ ի՞նչ օգուտ եմ ստանում, որ կրկնակի վճարեմ ջրի համար»,- ասում է Գառնիկը:
«Կառավարությունում չեն ասում, որ ջուրը ձկնաբուծարանները տանում են, օգտագործում են, գերշահույթ են ստանում: Ձկնաբուծարաններն ավելի ցածր սակագնով են ջուրն օգտագործում, քան գյուղացին, բայց մեզ բան են ասում: Էս նույն որոշում կայացնողները թող շրջեն մարզով, տեսնեն քանի՞ գյուղ ա սպասում ջրի, ինչքա՞ն դաշտ կա, որ վառվել-մնացել ա: Հիմա իրենք եկել են, մեզ վրա ջրի նալոգ են բարձրացնում: Ա՛յ խելոքներ, կարևոր հարցերը լուծելու փոխարեն, էս ինչո՞վ եք զբաղվում: Բա ինչի՞ չեք գնում ձկնաբուծարանների գլխին կանգնեք, ասեք՝ ջուրը շատ եք օգտագործում, բայց քիչ եք վճարում, հետն էլ ձեր պատճառով գյուղերը մնում են առանց ջրի: Ում վրա ուժները պատում է՝ նրանց են բան ասում: Սենց ա. ուժեղի, զոռբայի դար ա: Նրանց բան չեն ասում, մեր գլխին էլ սարքում են»,- ասում է Պետրոսը:
Գյուղացիների մի մասը որոշել են գործնականում ապացուցել, որ ՋՕԸ-երը իրենց խաբում են: Նրանք արդեն իրենց հողատարածքներում տեղադրել են ջրաչափեր, որպեսզի ցույց տան, որ իրենցից կրկնակի է գանձվում: