Բաժիններ՝

«Սփայս»-ի բաղադրության մեջ մտնող նյութերը Հայաստանում կարգելվեն

ՀՀ կառավարությունը փորձում է կանխարգելել որոշ նոր սերնդի թմրամիջոցների ներկրումը Հայաստան: Խոսքը մասնավորապես համաշխարհային թմրաբիզնեսում «Սփայս» անվամբ հայտնի թմրամիջոցի մասին է: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

ՀՀ Ոստիկանությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի ընդունումը, ոլորտի պատասխանատուների համոզմամբ, թույլ կտա «կանխել, նախականխել և բացահայտել Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներկրվող դիզայներական և այլ ծխախոտային խառնուրդներ, որոնց հոգեկան և ֆիզիկական թմրաազդեցությունը մի քանի անգամ գերազանցում է արգելված կանաբիսի և ափիադների խմբին պատկանող թմրամիջոցների ազդեցությանը»: Այս հիմնավորումն է բերված օրենսդրական նախաձեռնության փաստաթղթում, որով նախատեսվում է այդ նպատակով, մի շարք նոր նյութեր ներառել ՀՀ-ում արգելված նյութերի ցանկում և դրանց շրջանառության համար ևս նախատեսել քրեական ու վարչական պատասխանատվություն:

Ի դեպ, արդեն Հայաստանում ևս տարածում գտած «Սփայս»-ը Եվրոպական երկրներում սկսել է տարածվել դեռևս 2004-2006թթ-ից: Այն իրենից ներկայացնում է սինթետիկ ծագման ծխանյութ, որի բաղադրության մեջ են մտնում ինչպես բուսական, այնպես էլ քիմիական ծագման նյութերի խառնուրդներ: Սակայն, բուն հոգեներգործուն ազդեցությունն այս դեպքում ապահովում են հատկապես քիմիական խառնուրդները, որոնց ազդեցությունն ու վտանգը մարդու առողջության և կյանքի համար մի քանի անգամ գերազանցում է բուսական ծագում ունեցող թմրանյութերի ազդեցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս