Արմեն Մարտիրոսյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին. «Սա ավտորիտար իշխանության սովորական պահվածք է»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մոսկվայում՝ Նովոյե-Օգարյովո ամառանոցում, կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հանդիպումից հետո Կրեմլի պաշտոնական կայքը տարածեց երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ «Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է մտնել Մաքսային միություն»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արձագանքելով այս ուշագրավ տեղեկությանը, 168.am-ին ասաց. «Եվրոպացիների հետ երդում են ուտում, որ Ասոցացման համաձայնագիրն են ստորագրելու, իսկ հիմա Ռուսաստանում, փաստորեն, հայտարարում են, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնելու, ուտի, կարծում եմ, ճիշտ կլինի, որ սպասենք հետագա զարգացումներին»:

Մեր հարցին, թե որքանո՞վ արդարացված, երբ երկրի ղեկավարը միայնակ է որոշում կայացնում որևէ միջազգային կառույց մուտք գործելու վերաբերյալ՝ առանց տվյալ նախագծի հասարակական քննարկման, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց այսպես.

«Իսկ ո՞ր մի հարցն է հանրային քննարկման դրվել, որ որոշում կայացվի, որ այս մեկն էլ միանձնյա էր ու սխալ: Բոլորն էլ այդպես են եղել, հայ-թուրքական արձանագրությունները մի առավոտ չարթնացա՞ նք և իմացանք, որ գիշերը նախաստորագրել են, հետո էլ մեկ այլ գիշեր քնեցինք ու արթնացանք և տեղեկացանք, որ ստորագրել են: Սա ավտորիտար իշխանության սովորական պահվածք է»:

Կարդացեք նաև

«Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ անհամատեղելի է համարում անդամակցությունը Ռուսաստանի կողմից առաջարկված Մաքսային միությանը և եվրոպական ինտեգրացիան:

«Իրենք Ռուսաստանի ներկայացուցիչներն են ասել, որ «և՛-և»-ի տարբերակը բացառվում է, պետք է լինի կա՛մ Մաքսային միություն, կա՛մ Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրում: Նույնը բազմաթիվ անգամ ասել են եվրոպական դիվանագետները: Իհարկե, սովորական տրամաբանությունը հուշում է, որ ամբողջական անդամակցություն Մաքսային միությանը և ամբողջական ասոցացում Եվրամիության հետ, որովհետև դրանք տարբեր ռեժիմներ և ենթադրում են տարբեր օրենքներ, տարբեր կազմակերպչական մեխանիզմներ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական միության հետ Հայաստանի Ասոցացման համաձայանգրի նախաստորագրումը նախատեսվում է ս.թ. նոյեմբերին՝ Վիլնյուսում:

Տեսանյութեր

Լրահոս