
Մեքսիկայում ու Բրազիլիայում ԱՄՆ-ի դեսպանները պարզաբանումներ տալու համար կանչվել են ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեքսիկայի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվության հետ, թե ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին և ընդհանրապես մեքսիկացիներին:
Մեքսիկայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ ամերիկացի դեսպանը պարզաբանումներ տալու նպատակով կանչվել է ԱԳՆ: Հայտարարությունում նշված է, որ Մեքսիկայի կառավարությունը, չգնահատելով ներկայացված տեղեկատվության հավաստիությունը, կտրականապես դատապարտում է Մեքսիկայի քաղաքացիների հանդեպ ամեն տիպի լրտեսական գործունեություն:
Հայտարարությունում նաև ասվում է, որ այդ գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային դատարանի պրակտիկային: Մեքսիկայի իշխանություններն ԱՄՆ-ից պահանջել են մանրակրկիտ հետաքննել տեղի ունեցած հանգամանքները:
Նշվում է, որ Բրազիլիայում ԱՄՆ դեսպանը նույնպես պարզաբանումներ տալու նպատակով կանչվել է ԱԳՆ՝ կապված ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվության հետ, թե ԱՄՆ-ը գաղտնալսել է նաև Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին: