Ինչպե՞ս է Սուրիկ Խաչատրյանի որդուն հաջողվել ձերբակալվելուց հետո թմրամիջոցներ օգտագործել

Հարցնում է Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը

Օգոստոսի 26-ին Բուդաղյան եղբայրների հայրը` Էմիլ Բուդաղյանը, բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի ընթացում մահացած Ավետիք Բուդաղյանի և վիրավորված, ապա դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Արտակ Բուդաղյանի հայրը նախագահին խնդրում էր գործը վերցնել իր անմիջական հսկողության ներքո: Միևնույն ժամանակ Էմիլ Բուդաղյանը խոստանում էր ապացուցել, որ Սուրիկ Խաչատրյանը կրակել է իր որդիների վրա, եթե քննությունն օբյեկտիվ ընթանա: Դրանից մի քանի օր անց ասուլիսով հանդես եկավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` գործով ամբաստանյալ Տիգրան Խաչատրյանի պաշտպան, Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, քանի որ Բուդաղյան եղբայրների կողմից եղել է զինված հարձակում: Այս և մի շարք այլ հանգամանքերի մասին զրուցեցինք Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի հետ:

-Պարո՛ն Ալումյան, մի քանի օր առաջ Բուդաղյանների հայրը բաց նամակով դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին: Որևէ պատասխան ստացեգլ եք:

– Ո՛չ, դեռ այդ առումով ոչ մի նորություն չունենք:

Կարդացեք նաև

– Ձեր վերջին մամուլի ասուլիսի ընթացքում ասացիք, որ Ձեզ լուրեր են հասել այն մասին, որ Զինվորական դատախազությունը փորձում է ծանրացնել Արտակ Բուդաղյանի մեղադրանքը, դժվար կացության մեջ դնել նրան: Այդ ուղղությամբ զինդատախազությունն արդեն քայլեր արե՞լ է:

– Զինդատախազության բոլոր գործողությունները վկայում են այդ մասին: Սկսած Գևորգ Կոստանյանի (ՀՀ զինվորական դատախազը- Օ.Հ.) առաջին հայտարարություններից ու մինչև այսօր այն, ինչ իրենք անում են, դրանք ամբողջը վկայում են այդ մասին:

– Պարո՛ն Ալումյան, մի քանի օր առաջ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ գործով մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ դատաձգաբանական և դատա-բժշկական փորձաքննություններով հիմնավորվել է, որ դեպքի օրը վիրավորված Նիկոլայ Աբրահամյանին վնասվածք է պատճառել Ավետիք Բուդաղյանը, սակայն այդ արարքը մեղսագրվել է իր պաշտպանյալին:

– Գիտեք՝ ինչ, ես չգիտեմ՝ ինչ նյութերի վրա է հիմնել պարոն Սահակյանը իր այդ հայտարարությունը, բայց, համենայն դեպս, ես իր այդ կարծիքը չեմ կիսում. մինչև այսօր ինձ մոտ եղած, այսինքն՝ այն նյութերը, որոնց որ մինչև հիմա ես հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու, (չէգ որ օրենքով մենք հիմա ոչ բոլոր նյութերին իրավունք ունենք ծանոթանալու, ինչպես ես, այնպես էլ պարոն Սահակյանը), չեն հաստատում պարոն Սահակյանի ասածը, որ Ավետիք Բուդաղյանի կողմից է վնասվածք ստացել Նիկոլայ Աբրահամյանը:

– Ի դեպ, Ռուբեն Սահակյանը խոսեց նաև այն մասին, որ դեպքի օրը Ավետիք Բուդաղյանի մոտ ալկոհոլի բավական բարձր աստիճան է հայտնաբերվել:

– Ես չգիտեմ՝ պարոն Սահակյանը ինչ նյութ նկատի ունի, երբ որ ինքն այդպես է պնդում: Բայց, համենայն դեպս, ավելի լավ է ինքը մտածի իր պաշտպանյալի՝ թմրամիջոցի ազդեցության տակ գտնվելու մասին:

– Պարոն Ալումյան, այդ հարցին անդրադառնալիս Ռուբեն Սահակյանն ասաց, որ չկա եզրակացություն, համաձայն որի՝ դեպքի ժամանակ նա գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ: Ռ. Սահակյանի խոսքով՝ փորձաքննությամբ նրա մարմնում թմրալկալոիդների հետքեր են հայտնաբերվել: Նա ասաց նաև, որ եթե Դուք ապացուցեք, որ Տ. Խաչատրյանը դեպքի օրը թմրանյութերի ազդեցության տակ է գտնվել, ինքը կհրաժարվի վերջինիս պաշտպանությունից…

– Ինքը նկատի ունի, ինչքանով որ ես ծանոթ եմ իր ասածին, նա նկատի ուներ այն, որ արյան մեջ թմրամիջոցները հայտնաբերվել են, դա դեռ չի նշանակում, որ դեպքի ժամանակ ինքը արդեն օգտագործած է եղել: Պարոն Սահակյանի ասածը դա էր: Այսինքն՝ տեսեք, դեպքի պահից մինչև այդ փորձաքննությունը նշանակելը պարոն Սահակյանը դնում է կասկածի տակ, արդյոք դեպքի պահին է նա եղել թմրամիջոցների ազդեցության տակ: Նկատի ունի, որ գուցե թմրամիջոցները նա ստացել է դեպքից հետո, որովհետև այն, որ փորձաքննության համար արյունը վերցնելիս մազի և մեզի նմուշներ վերցնելիս` այդ նյութերը առկա են եղել, դա հո չի վիճարկվում այն կողմի կողմից: Չի էլ կարող վիճարկվել: Վիճարկվում է միայն մեկ հանգամանք. արդյո՞ք դեպքի ժամանակ ինքը արդեն օգտագործած է եղել: Մենք էլ ուղղակի դրան, նկատի ունեմ այդ փաստարկին, հարցով ենք պատասխանում: Լավ, եթե դեպքի ժամանակ թմրամիջոցներ չի օգտագործել, իսկ դեպքից հետո ձերբակալվել է, այդ դեպքում թող բացատրեն՝ ի՞նչ ձերբկալվելուց հետո է օգտագործել: Եթե այդպես բացատրություն կտան, դա շատ հետաքրքիր կլիներ ճշտել՝ ինչպես է իրեն հաջողվել ձերբակալվելուց հետո թմրամիջոցներ օգտագործել:

– Ռուբեն Սահակյանը հայտարարեց նաև, որ Տիգրան Խաչատրյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, քանի որ Բուդաղյան եղբայրների կողմից սպառնալիքներ են եղել: Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ Բուդաղյան եղբայների կողմից զինված հարձակում չի եղել:

– Այդ փաստարկը՝ զինված հարձակում և այլն, դրանք առաջինը Զինդատախազության թեթև ձեռքով է գցվել շրջանառության մեջ, և այդ վարկածը ես կարող եմ անվանել բացարձակ անհեթեթ վարկած: Եկե՛ք նկարագրեմ Ավետիք Բուդաղյանի գործողությունները՝ թեկուզ հենց հիմնվելով համացանցում տեղադրված տեսանյութի վրա՝ թեկուզ հենց հիմնվելով կեղծված տեսանյութի վրա: Այն, ինչ որ ես հիմա Ձեզ կասեմ, այս հարցազրույցից հետո կարող եք բացել այդ տեսանյութը ու տեսնել, որ ճիշտ իմ ասածով է եղել: Նույնիսկ կեղծված տեսանյութի վրա հիմնվելով՝ ես Ձեզ նկարագրեմ: Ավետիք Բուդաղյանը գալիս է իր «Jeep» ավտոմեքենայով դեպքի վայր, այնտեղ հինգ կամ վեց հոգի մարդ են կանգնած, սպասում են արդեն:

Ավետիք Բուդաղյանը գալիս է դեպքի վայր, գալիս է իր եղբորը փնտրելու, որովհետև մտածում է՝ կարող է եղբայրը եկել է այդտեղ, գալիս է, տեսնում է՝ եղբայրն այդտեղ չէ, մեքենան մանևրում է հետ, որպեսզի, հետ դառնա, և այդ ժամանակ այդ դեպքի վայրի հինգ կամ վեց հոգի մարդիկ մոտենում են Ավետիք Բուդաղյանի մեքենային, դուռը բացում, սկսում են Ավետիք Բուդաղյանին քաշքշել: Այստեղ դուք տեսնո՞ւմ եք հարձակում տան վրա կամ հարձակում Սուրիկ Խաչատրյանի մերձավորների վրա: Չէ՛: Ինքը մեքենայից էլ դուրս չի գալիս: Առանց մեքենայից դուրս գալու, երբ որ նրանք են գալիս, դուռը բացում մեքենայի, նրան սկսում քաշքշել, այդպիսի հարձակում չի լինում: Հետո Ավետիք Բուդաղյանը, ցանկանալով իրենցից ազատվել, իրենց քաշքշոցներից, ուշադրություն կդարձնեք` մեքենան մի քիչ շարժում է տեղից, մեքենան տեղաշարժում է, որպեսզի ազատվի նրանցից: Նրանք նորից են գալիս, նորից են իրեն մեքենայի մեջ քաշքշում:

Ես դեռ Ավետիք Բուդաղյանի մասին եմ ասում: Հետո, երբ որ Արտակ Բուդաղյանը իր մեքենայով գալիս է, Ավետիք Բուդաղյանը իր մեքենայով փակում է եղբոր մեքենայի ճանապարհը: Ու էլի դուրս չի գալիս մեքենայից: Հետո, երբ որ ընդհարումը սկսվում է Արտակ Բուդաղյանի և Սուրիկ Խաչատրյանի մերձավորների միջև, Ավետիք Բուդաղյանը առաջին անգամ մեքենայից իջնում է, որպեսզի իր եղբորը հրելով իջեցնի դեպքի վայրից հեռու` ներքև երկու կնոջ հետ միասին, ու հենց այդտեղ Ավետիք Բուդաղյանը ստանում է առաջին հրազենային վնասվածքը: Հիմա եկե՛ք Ավետիք Բուդաղյանի գործողությունները նայենք ու բացատրենք էլի՝ այդ ո՞ր տրամաբանությանբ այս մարդու վրա կրակոց է արձակվում: Այդքան գործողություններից հետո այդ կրակողը պաշտանվելով` Ավետիք Բուդաղյանի՞ն է կրակել: Դեռ Արտակին թողենք մի կողմ:

Ավետիք Բուդաղյանի վրա եղած կրակոցը ինչպե՞ս բացատրենք՝ անհրաժեշտ պաշտպանությո՞ւն, թե անհրաժեշտ պաշտպանությունից սահմանների անցում, թե՞ դիտավորյալ, սառնասրտորեն կատարած սպանություն: Չէ՞ որ Ավետիք Բուդաղյանը մեքենայից չի իջել, Ավետիք Բուդաղյանի ձեռքում այդ պահին զենք չի եղել: Առաջին անգամ մենք իր ձեռքին զենք ենք տեսնում, երբ որ արդեն ինքը վիրավորված, զգացվում է, մի կերպ ոտքը քարշ տալով գալիս է առաջ արդեն վիրավորված վիճակում:

Այսինքն՝ Ավետիք Բուդաղյանը առաջին անգամ մեքենայից իջնում է զուտ մեկ բանի համար, որ իր եղբորը դեպքի վայրից այն երկու կնոջ հետ միասին հրելով իջեցնի ներքև: Ու այդ պայմաններում Ավետիք Բուդաղյանի վրա սառնասրտորեն նշան բռնելով Տիգրան Խաչատրյանը կրակում է երեք անգամ ու հիմա ասում են՝ անհրաժեշտ պաշտպանությունից ելնելո՞վ է Ավետիք Բուդաղյանը սպանվել: Ավելի մեծ անհեթեթություն դուք կարո՞ղ եք պատկերացնել: Դեռ Արտակին թողնենք մի կողմ: Արտակը չի սպանվել, Ավետիքն է չէ՞ սպանվել, որը որ առաջին պահից սկսած որևէ նշան չի տվել, որ ինքը ագրեսիվ է տրամադրված կամ որևէ մեկի վրա փորձած լինի, հարձակված լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս