Բաժիններ՝

Ամուսնու ծեծին ի պատասխան նրան դանակահարած կինը պայմանականորեն դատապարտվեց

Կարինե Աբազյանը 2012 թվականի դեկտեմբերի 29-ին ժամը 19:30-ի սահմաններում զբաղված էր ամանորյա տոների նախապատրաստման աշխատանքներով, երբ անսթափ վիճակում տուն է վերադարձել ամուսինը` Արմեն Դավթյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Նրանից կինը գումար է պահանջել` առևտուր կատարելու համար, սակայն Արմեն Դավթյանը սկսել է բղավել և անպատվել Կարինե Աբազյանին, հրաժարվել է գումար հատկացնել գնումներ կատարելու համար: Նրանց միջև խոսակցությունը վերածվել է վեճի, որի ընթացքում Արմեն Դավթյանը հյուրասենյակում դրված աթոռով հարվածել է Կարինե Աբազյանի մեջքին, ինչի հետևանքով աթոռը կոտրվել է, որից հետո Արմեն Դավթյանը շարունակել է կոտրված աթոռի ոտքով հարվածել Կարինե Աբազյանի գլխին և մարմնի տարբեր մասերին:

Կինը՝ չկարողանալով դիմադրել Արմեն Դավթյանին` վայր է ընկել և մի պահ ուշագնաց է եղել, այնուհետև ուշքի գալով անմիջապես վազել է դեպի խոհանոց, այնտեղից վերցնելով դանակը, հանկարծակի հարձակվել է Արմեն Դավթյանի վրա և սկզբում հարվածել նրա որովայնի ձախ հատվածին, այնուհետև նրա կրծքավանդակի հետին մակերեսին` պատճառելով վերջինիս առողջությանը ծանր վնաս:

Դատական նիստի ընթացքում օգոստոսի 14-ին մեղադրող Ա.Չիչոյանը որոշում է կայացրել Կարինե Աբազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր վնաս պատճառելը, մեղադրանք առաջադչելու մասին:

Մեղադրողը հիմնվել է դատաքննության ընթացքում նշանակված դատահոգեբանական փորձաքննության եզրակացության վրա, ըստ որի Կարինե Աբազյանը իրավախախտումը կատարելու ժամանակ գտնվել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում, ինչը սահմանափակել է նրա վարքի կամային կառավարման ունակությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունքներ տվել: Այն ժամանակ հուզված լինելու պատճառով ամբաստանյալը չի հիշել, թե քանի հարված է հասցրել Արմեն Դավթյանին և մարմնի որ մասերին: Դրանից հետո Արմեն Դավթյանն ընկել է հատակին, այնուհետև ինքը օգնել է նրան ոտքի կանգնել և տեսնելով, որ ամուսնու վիճակը գնալով վատանում է` օգնել է նրան տեղափոխել «Մալաթիա» բժշկական կենտրոն: Այդ միջադեպի ժամանակ տանը գտնվել են նաև իրենց երկու անչափահաս երեխաները, ովքեր միջամտել և փորձել են օգնել իրեն: Ինքն անկեղծորեն զղջում է կատարածի համար:

Տուժող Արմեն Դավթյանն իր ցուցմունքով նշել է, որ ինքը հրաժարվել է գումար տրամադրել կնոջը, քանի որ իր մոտ գումար չի եղել: Զայրանալով Կարինեի խոսքերից՝ ինքը վերցրել է հյուրասենյակի աթոռն ու հարվածել նրա մեջքին, որի հետևանքով աթոռը կոտրվել է, որից հետո կոտրված աթոռի ոտքով ինքը շարունակել է հարվածել Կարինե Աբազյանի գլխին և մարմնի տարբեր մասերին: Դրանից հետո Կարինե Աբազյանը մի պահ ընկել է հյուրասենյակի բազկաթոռին, իսկ որդին` Կարեն Դավթյանը ջուր է լցրել նրա դեմքին, որից հետո Կարինե Աբազյանը ոտքի կանգնելով վազել է դեպի խոհանոց:Այնուհետև ինքը հյուրասենյակում գցելով կոտրված աթոռի ոտքը` գնացել է միջանցք և այլևս նպատակ չի ունեցել հարվածել Կարինե Աբազյանին:

Այդ ժամանակ, խոհանցից հանկարծակի դեպի իր կողմ է վազել Կարինե Աբազյանը և ձեռքում եղած խոհանոցային դանակով հարվածել է իր որովայնին և թիկունքին:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս