Բաժիններ՝

Գառնեցի Սերգեյի այգին և խոհանոցը՝ զբոսաշրջիկների սիրելի վայր (տեսանյութ, լուսանկարներ)

Սերգեյ Գաբրիելյանին ոչ միայն գառնեցիներն են շատ լավ ճանաչում, այլև Հայաստան ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկները:

30 տարվա աշխատանքային փորձ ունեցող լուսանկարիչը թողեց իր մասնագիտությունը և սկսեց զբաղվել խոհարարությամբ: Խորհրդակցելով պրոֆեսիոնալ  խոհարարների հետ և  հմտանալով այդ գործում՝ նա կարողացավ  կարճ ժամանակամիջոցում  շատերի համակրանքը վայելել:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ զբոսաշրջիկներ էին գալիս Գառնի, և ես լուսանկարում էի: Ի դեպ, առաջին գունավոր լուսանակար տպողներից մեկը ես եմ եղել:  Եվ ստացվում էր այնպես, որ երբեմն զբոսաշրջիկներին ուղեկցում էի մեր տան այգի, ուր նրանք հանգստանում էին ու իրենց հետ բերած սնունդն էին  ուտում: Մենք էլ էինք հյուրասիրում՝ սկզբում լավաշ, մածուն…հետո ճաշատեսակներն ավելացան,  և մեր այգին վերածվեց ավանդական խոհանոցի տարբեր ճաշատեսակների մատուցման վայրի»,- մեզ հետ զրույցում պատմեց Ս. Գաբրիելյանը:

Նրա կինը՝ Գայանե Մինասյանը,  ամեն հարցում օգնել է ամուսնուն: Ապուրները, աղցանները կինն է պատրաստում, իսկ ավելի բարդ ուտեստները՝ ամուսինը: Ասում է, որ սկզբում շատ դժվար է եղել, բայց ուս ուսի տված՝ կարողացել են ոտքի կանգնել: Իսկ հիմա էլ դստրերն ու որդին են օգնում:
Նրանց տանը հյուրընկալվում են միայն օտարազգիները, ովքեր ցանկանում են տեսնել ու համտեսել հայկական լավաշը, դոլման, հարիսան, խորովածը, գաթան: Հաճախ հյուրերը մասնակից են դառնում պատրաստման գործընթացին, որը, ինչպես բնութագրեց իտալացի զբոսաշրջիկներից մեկը, էկզոտիկ է:

Կարդացեք նաև

Sergey (3)

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ  հայաստանցիները չեն հյուրընկալվում իրենց այգում, տիկին Գայանեն ասաց, որ փորձը ցույց է տվել, որ մի քանի բաժակ խմելուց հետո նրանք վատ վարք են ցուցաբերում, իսկ սա ընտանեկան գործ է:

«Պաշտոնական ընթրիք էր: Բելգիայի թագավորական ընտանիքի անդամներ էին հյուրընկալվել: Հյուրերը պատվիրել էին ամբողջական գառ  թոնիրում խորովել: Ես գառը պատրաստեցի՝ գլուխը վրան: Տուրիստականի վարորդներից մեկը՝ Վանիկը, տեսավ ու գլուխը հանեց: Ահաբեկվել էր, ասաց՝ արտերկրացիները մեզ վայրենիի տեղ կդնեն: Գլուխը տեղափոխեցինք այլ տեղ ու հաճարով մատուցեցինք: Տիկիններից մեկն անմիջապես հափշտակեց  գառան գլուխն ու կողքի կնոջ հետ մատներով, ամբողջությամբ կերան, ապա պատվիրեցին գանգը կիսել, որ ուղեղն էլ ուտեն: Ընթրիքից հետո վարորդը զարմացած ասաց, թե կարծում էր՝ եվրոպացիներն ավելի քաղաքակիրթ են, բայց աբորիգենի պես իրենց պահեցին»,- պատմում է Սերգեյը:

Sergey (1)

Սերգեյ Գաբրիելյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց ընտանիքը միակը չէ և Գառնիում կան բազմաթիվ ընտանիքներ,  ովքեր զբոսաշրջիկներ են հյուրընկալում իրենց տանը ու օրվա ապրուստն այդպես վաստակում:
Նախկին լուսանկարիչը ուրախ է, որ այսօր աշխատանք ունի, բայց մտահոգ է, որ Հայաստանը գնալով հայաթափ է լինում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս