
Գայլերի հարձակում Լոռիում. անասնապահը օգնություն է խնդրում (լուսանկարներ)

Լոռու մարզի Քարինջ գյուղում օրերս գայլերի հարձակման հերթական դեպքն է գրանցվել: Գայլերի ոհմակը հարձակվել է գյուղից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող անասնագոմի վրա, որտեղ պահվում էր գյուղի ոչխարի հոտը: Հաշված րոպեների ընթացքում գայլերը մեծ վնասներ են պատճառել, մի մասին հոշոտել են, մի մասին էլ տարել են իրենց հետ: Գայլերի հարձակումից վնասվածք է ստացել ևս 7 կենդանի, որոնց մեծ մասի վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են, և հետևաբար, նրանք ևս պետք է մորթվեն:
Հոտի անասնապահ Ռուբիկ Մաղաքյանը, ով գիշերը մի պահ իջել է տուն սուրճ խմելու, պատմում է, որ ինքը պարզապես վարձու աշխատող է, և հիմա, երբ իրեն պահ տրված անասունները ոչնչացվել են, կրած վնասները պետք է ինքը փոխհատուցի. «Ես էլ նպաստով ապրող մարդ եմ, միլիոնից ավել վնաս կա, ես ո՞ր մեկի փողը տամ»,-ասում է Ռուբիկը:
Քարինջի գյուղապետ Նորիկ Մկրտումյանի փոխանցմամբ՝ համայնքն իր սակավ բյուջեով դժվար թե կարողանա որևէ երպ օգնել, օգնելու դեպքում էլ հազիվ մի ոչխարի արժեք տա:
Անասնապահը հույսը կապում է պետության հետ՝ նշելով, որ պետությունը իրեն գուցե օգնի: Հակառակ դեպքում՝ ստիպված պետք է տունը վաճառի, քանի որ այն մարդիկ, ում ոչխարները ենթարկվել են հարձակման, կենդանիներին վարկով են գնել, որը պետք է մարեն և նրանց վիճակն անասնապահը հասկանում է:
Լուսանկարները` հեղինակի