Գրենլանդիայի սառույցների տակ հայտնաբերվել է 4 միլիոն տարվա խոշոր կանիոն
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ գիտնականները Գրենլանդիայի սառույցների տակ հայտնաբերել են կանիոն, որը դասվում է աշխարհի ամենամեծ կանիոնների թվին: Կանիոնի խորությունը կազմում է 800 մետր, երկարությունը՝ 750-800 կիլոմետր, իսկ լայնությունը՝ մինչև 10 կիլոմետր:
Կանիոնի տարիքը կազմում է մոտ 4 միլիոն տարի, այն առաջացել է այն ժամանակ, երբ տվյալ տարածքով հոսել է խոշոր գետ, և երբ Գրենլանդիան դեռ չէր ծածկվել սառույցով: Գիտնականների խոսքերով՝ այս կանիոնն անգամ ավելի երկար է ԱՄՆ Արիզոնա նահանգում գտնվող Մեծ կանիոնից: Կանիոնը Գրենլանդիայի կենտրոնից ձգվում է դեպի հյուսիս՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս:
Նշվում է, որ այս հայտնագործությունը մեծ դեր է խաղում հասկանալու համար, թե ինչու գրենլանդական սառույցի տակ չեն հայտնվում «հալվող» ջրերի լճեր, ինչպես որ Անտարկտիդայում է, որոնք արագացնում են սառցադաշտերի շարժը:
Հայտնի է, որ Գրենլանդիայի սառույցի հաստությունը տեղ-տեղ հասնում է մինչև 3 կիլոմետրի: Գիտնականների կարծիքով՝ եթե հալվի Գրենլանդիայի սառույցը, ապա Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 7 մետրով: