«Ավելի շատ վրդովվելու իրավունք մենք ունենք, քան Բուդաղյանները». Սուրիկ Խաչատրյանի որդու պաշտպան

Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի առիթվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել նաև Նիկոյալ Աբրահամյանին մարմնական վնասվածք պատճառելու համար. մինչդեռ դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններով հիմնավորվել է, որ նրա վրա կրակել և վնասվածք է պատճառել Ավետիք Բուդաղյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը: Նա հայտարարեց, որ գործով մեղադրյալ Զարզադ Նիկողոսյանը ապօրինի կերպով է գտնվում կալանքի տակ. նա վաղուց պետք է ազատված լիներ: Ռուբեն Սահակյանն ասաց, որ իր պաշտպանյալը հանցանք չի կատարել. նա գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում. «Այդ վնասը, որ իրենք հասցրել են անձանց, օրենքով թույլատրված է: Քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածն ասում է՝ հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը եւ իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից` ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Հիմա տեսեք՝ եկել են ձեր դռան վրա, սպառնում են, ասում են՝ կսպանենք ձեզ, կվերացնենք Դեզի ցեղը (Դեզին Սուրիկ Խաչատրյանի մայրն է, որը հայտնի անձնավորություն է եղել, ժամանակիh` դեպուտատ) ձեր լավը, ձեր սենց նենցը, ձեր հայրը, աշխարհի երեսին ինչ հայհոյանք ասես տալիս են: Ես լսել եմ ժապավենը և վրդովված եմ փորձքննության վրա, որովհետև այնտեղ ես լկտի հայհոյանք եմ լսում, որ հայհոյանքը չի արտացոլվել այն սղագրության մեջ, որը արել են փորձագետները: Եվ դուք այդ ամենը տեսնում եք, լսում եք, 19 տարեկան երեխան տեսնում, լսում է, և վայրկյան առ վայրկյան կարող էր տեղի ունենալ ողբերգություն: Բա որ կրակեր: Նա չգիտեր, որ փամփուշտ չկա հրազենի մեջ»:

Նա ասաց, որ ինքը վրդովված է զինդատախազության որոշակի գործողությունների համար. «Ավելի շատ վրդովվելու իրավունք մենք ունենք, քան Բուդաղյանները… Թողնենք՝ այստեղ ով ինչ աստիճանի վնասվածքներ է ստացել, ով ինչ աստիճանի է տուժել. ես խոսում եմ իրավական գնահատականների մասին»: Անդրադառնալով՝ գործով մեկ այլ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությանը, որ  դատախազությունը գլխիվայր շուռ է տալիս եղած փաստերը, Ռուբեն Սահակյանն ասաց, որ դա փորձում է անել ոչ թե դատախազությունը, այլ Բուդաղյանների ներկայացուցիչը: Միևնույն ժամանակ Ռուբեն Սահակյանն ասաց, որ ինքը 7 տարի Փաստաբանների պալատի խորհրդում աշխատել է փաստաբան Հայկ Ալումյանի հետ և գիտի նրա բարձր պրոֆեսիոնալիզիմը. «Բայց ինչ-որ բան այս գործում իր մոտ այնպես չի ընթանում: Ես չեմ կարող ասել՝ պատճառներ որոնք են»:

Ռուբեն Սահակյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանը պաշտպանության կարիք չունի. անհրաժեշտ պաշտպանության կարիք ունեցել են նրա հարազատները:  Անդրադառնալով Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությանը, որ զինդատախազությունը փորձում է ծանրացնել իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանի մեղադրանքը, փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց. «Ես պատասխանատու հայտարարում եմ, որ չեն կարող զինվորական դատախազությունում ծանրացնել նրա մեղադրանքը. քրեական օրենսգրքում այլ հոդված, քան 137 հոդվածն է՝սպանության սպառնալիքը, չկա, գոյություն չունի»:

Տեսանյութեր

Լրահոս