53-ամյա Վարդան շիշ ու ապակի է հավաքում, հանձնում՝ 81-ամյա մորը պահելու համար
Աբովյան քաղաքի մեծ աղբարկղերի մոտ հաճախ կարելի է հանդիպել նրան: Նա փորփորում է աղբարկղերը, տեսակավորում աղբն ու իր հետ տանում: 53-ամյա Վարդանն ասում է, որ վաղուց է այս գործով զբաղվում, ժամանակին հարբեցող էր ու խմիչք գնելու համար էր շիշ հավաքում, այժմ՝ 81-ամյա մորը պահելու համար է շշերը, ապակու տեսակները հավաքում և գումարի դիմաց հանձնում:
«Քաղաքապետարանում էլ հավաքարար եմ աշխատում, 37 հազար փող են տալիս, էս էլ ձեռի հետ եմ անում»,- ասում է նա ու հատուկ ապակի փնտրում:
Ընտանիք, կին, երեխա չունի, համոզված ասում է, թե ո՞վ իր նմանին աղջիկ կտա:
«Տաս տարի ա՝ չեմ խմել, մենակ լիմոնադ եմ խմում: Արդեն ուշել ա, որ ամուսնանամ, հետո հո մերս չի՞ գնալու ինձ աղջիկ հավանի՝ ես պիտի ուզեմ, ես էլ…»: Վարդանը աղբից չի զզվում, բայց հասցրել է ձեռքի թեթև բորբոքում ստանալ: Ասում է, թե առանց ձեռնոցների ավելի հարմար է «աշխատելը»: Բժիշկները զգուշացրել են, որ բորբոքված ձեռքով աղբի հետ շփումը հնարավոր է խորացնի բորբոքվածությունն ու ձեռքը կորցնի, բայց չի համոզվում: «Մի տոննա ապակի հավաքել-հանձնել եմ, վատից լավից ապրում ենք, էլի»,- ասում է Վարդանն ու անտարբերությամբ շարունակում գործը: