
Քննարկվել են համայնքներում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի բարելավման հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվեցին հանրապետության համայնքներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, մարզպետներ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ:
Փոխվարչապետը նշեց, որ սակագների վերջին փոփոխություններից հետո մարզերում ՀԷՑ-երի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավում եւ առկա խնդիրների լուծում են ակնկալում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրեց ընկերության 2014-2018թթ. ներդրումային ռազմավարության ծրագիրը, որով նախատեսվում է համակարգում մինչեւ 40 մլրդ դրամի լրացուցիչ ներդրումների կատարում: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի ընթացիկ տեխնիկական վիճակը եւ մատուցվող ծառայությունների որակը: Ներդրումային ծրագիրը դեռեւս պետք է հաստատվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մարզպետների հետ կքննարկվեն ծրագրի` իրենց մարզերին վերաբերող հատվածները եւ համատեղ կորոշեն առաջնահերթությունները: Նաեւ պայմանավորվեցին, որ բնակիչների շրջանում իրազեկման աշխատանքներ կիրականացվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար պարտավորություններ սահմանող իրավական ակտերի վերաբերյալ:
Քննարկվեցին նաեւ պետական, համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում առկա տարբեր ենթակայանների շահագործման ու տնօրինման հետ կապված խնդիրները, որոնք, դժվարություն են ստեղծում ընկերության համար` անխափան էլեկտրաէներգիա մատակարարելու հարցում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող ենթակայանների հարցը եւս առանձին կքննարկվի: Մեկ անգամ եւս անդրադարձ եղավ էլեկտրական համակարգերի տարածքներում բնակելի եւ հանրային շենքերի շինարարության անթույլատրելիությանը եւ առաջարկվեց պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա: